Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ․ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
ՔաղաքականությունՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ։
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մայիսի 9-ը սուրբ տոն է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար, ամենանշանակալից և պատվավոր օրերից մեկը:
Հաղթանակի մեծ ժառանգությունն այսօր կարևոր հոգևոր արժեք է, բարոյական ուղեցույց ապագա սերունդների համար՝ արդար և անվտանգ աշխարհ կառուցելու գործում: Մեր ընդհանուր պարտքն է՝ փայփայել ազատության և անկախության համար մղված մարտերում ընկած մեր հերոսների հիշատակը, հոգատարությամբ և ուշադրությամբ պարուրել վետերաններին:
Վստահ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք սրբացված են մեր նախնիների հաղթական փառքով, կշարունակեն հաջող զարգանալ՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման:
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
խնդրում եմ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող՝ պատերազմի բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել խորին երախտագիտության խոսքեր, մաղթել քաջառողջություն, բարեկեցություն և արևշատություն»։