Փաշինյանի վարչակազմը վախենում է իրապես սկզբունքային և հայրենասեր գործչից
ՔաղաքականությունԽորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի ապազգային իշխանությունների համար ամենամեծ գլխացավանքը լինելու են իրապես սկզբունքային, ազգային ավանդույթներ կրող քաղաքական ուժերը և, առաջին հերթին, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը: Կարդացի կուսակցության նախագահի խորհրդական՝ Ավետիս Բաբաջանյանի «Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքը»» վերտառությամբ ուշագրավ հոդվածը։ Բազում չակերտավոր մեղքերին կարելի էր նույնքան էլ ավելացնել, սակայն բավարարվեմ մի քանիսը ընդգծելով։ Բանակից տարբեր պատճառներով թռած, ազգային ավանդույթների դեմ շուրջ երեք տարի ոտնձգած, Արցախի մեծ մասը թշնամուն հանձնած, Սյունիքին գոյութենական վտանգի առաջ կանգնեցրած փաշինյանական վարչակազմը սարսափած է այն անձանցից, որոնք հանուն ազգի և պետության պատրաստ են զոհել իրենց կյանքը։ Որքան էլ վարկաբեկեն Խաչիկ Ասրյանին և նրա գլխավորած ուժը, ակնհայտ է բոլորի համար՝ արցախյան երեք պատերազմներին մասնակցած գործիչը չէր կարող լինել հայրենադավների դաշնակիցը։ Շուրջ 11 տարի կարևոր պաշտոն զբաղեցնելով գործադիրում՝ Խաչիկ Ասրյանն իր պաշտոնը չի օգտագործել անձնական հարստացման համար, այլ բազում նախաձեռնություններ է իրականացրել՝ միտված հայ երիտասարդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, մատաղ սերնդի մեջ ազգային գաղափարներ ներմուծելուն։ Կարո՞ղ էր Ասրյանը այլոց պես քաղաքականությունը բիզնես դարձնել, Հայաստանի օրվա իշխանությունների թելադրմամբ՝ ցերեկները փողոցներում հանրահավաքներ անել, իսկ երեկոները՝ որևէ թանկարժեք ռեստորանում խմել այդ իշխանությունների կենացը և ծիծաղել միամիտ ժողովրդի վրա։ Այո, սակայն դա նրա ոճը չէր և չէ․․․ Ասրյանն իր սկզբունքային դիրքորոշումները պնդել է նույնիսկ նախկին իշխանությունների օրոք, իսկ «հեղափոխությունից» հետո էլ անմիջապես հրաժարական տվեց՝ չցանկանալով մաս կազմել երկիրը անդունդ տանողների իշխանությանը։ Եվ վերջապես, ժամանակն է, որ մեր ժողովուրդը տարբերի իրական ընդդիմադիրին փաշինյանական կեղծ դաշնակցից, ազգայինը գերադասի ապազգայինից, երկիրն ու պետությունը՝ աուլից, և իր ձայնը տա իսկական պետականամետ գործչին։
Դավիթ Ներսիսյան