Մասկը Tesla-ի մասնակցությամբ ավտովթարից հետո 1 օրում գրեթե 6 մլրդ դոլար է կորցրել․ Forbes
ՏնտեսությունԱմերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը մեկ օրում գրեթե 6 մլրդ դոլար է կորցրել: Պատճառը, ինչպես հայտնում է Forbes-ը, ապրիլի 17-ին Տեխասի նահանգում էլեկտրամոբիլի մասնակցությամբ ավտովթարից հետո Tesla-ի արժեթղթերի գնի անկումն է։
Forbes-ի տվյալներով՝ Մասկի կարողությունը մեկ օրում կրճատվել է 5,6 մլրդ դոլարով և այժմ կազմում է 174.1 մլրդ դոլար։ Մեկ օրում Tesla-ի արժեթղթերը նվազել են 3,4 տոկոսով։
Այսպիսով, Forbes-ի միլիարդատերերի վարկանիշային ցանկն այս պահին գլխավորում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (196,4 մլրդ դոլար), երկրորդ տեղում գործարար Բեռնար Առնոն է (178,8 մլրդ դոլար): Մասկը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
Ապրիլի 17-ին ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Տեխաս նահանգի Սպրինգ քաղաքի մոտակայքում Tesla էլեկտրական մեքենան բախվել է ծառին և բռնկվել է, ինչի հետևանքով զոհվել է երկու տղամարդ։
Հաղորդվում էր, որ մեքենան դրված է եղել ինքնակառավարման ռեժիմի վրա։
Ավելի ուշ Իլոն Մասկը հայտարարել էր, որ առկա տվյալների համաձայն՝ կործանված Tesla էլեկտրամոբիլը վթարի պահին չի գտնվել ինքնակառավարման ռեժիմում։
«Այս պահին առկա տվյալների համաձայն՝ մեքենան չի եղել ինքնակառավարման ռեժիմում, ավելին՝ ավտոմեքենան լրիվ ինքնավար վարման գործառույթ չի ունեցել»,-Twitter-ում գրել էր Մասկը։
Ընկերության ղեկավարը նաև նշել էր, որ ավտոմեքենան ինքնակառավարման ռեժիմում վարելու համար անհրաժեշտ է որոշակի ճանապարհային գծանշում, որը փողոցում, որտեղ տեղի է ունեցել վթարը, չի եղել: