Բայդենի վարչակազմը պատասխանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ պատմաբանների նամակին
ՔաղաքականությունԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների նամակին՝ «ցեղասպանություն» եզրույթը գործածելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ։
Նա հրապարակել է ԱՄՆ նախագահի վարչակազմի նամակագրության բաժնից ստացված պատասխանի բովանդակությունը:
Նամակում ԱՄՆ նախագահ Բայդենի և փոխնախագահ Հարիսի վարչակազմը, շնորհակալություն հայտնելով հայ պատմաբաններին կապ հաստատելու և տրամադրված տեղեկատվության համար, գնահատել են իրենց հետ շփվելու յուրաքանչյուր հնարավորություն:
«Մեր երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, և Ձեր նմանօրինակ նամակները օգնում են մեզ՝ ավելի պարզ և լավ հասկանալու, թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչպես կարող է օգտակար լինել Ձեզ: Մենք ուշադիր կուսումնասիրենք նամակը և կաշխատենք ընթացք տալ»,-մասնավորապես նշված է Սպիտակ տան պատասխանում:
Մելքոնյանը հայտնել է, որ հայ պատմաբանների ընկերակցության և գիտական հանրության նամակը ԱՄՆ նախագահական նստավայր էր հասել ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևայի ջանքերով:
Հավելենք, որ Հայ պատմաբանների ընկերակցությունն ու գիտական հանրությունը նամակ էին ուղարկել Ջո Բայդենին, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան հետևություններ արվեին «ցեղասպանություն» բառը գործածելու համար:
Մելքոնյանը կարծիքով՝ նամակի պատասխանից կարելի է հուսալ, որ Ջո Բայդենը կօգտագործի «ցեղասպանություն» բառը:
Ավելին...