Նիդեռլանդներում մեկնարկել է «Եվրատեսիլ 2021»-ի բեմահարթակի կառուցումը (տեսանյութ)
ՄշակույթՆիդեռլանդների Ռոտերդամ քաղաքի «Ահոյ» արենայում մեկնարկել է 2021 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացման համար նախատեսված բեմահարթակի կառուցումը: Մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքում հրապարակվել է աշխատանքների մեկնարկի մասին պատմող տեսանյութ:
«Գրեթե երկու տարի պատրաստվելուց հետո «Եվրատեսիլ» երգի մրցույթը վերջապես եկել է Ռոտերդամ: Մեր գործընկերների հետ միասին մենք ամեն ինչ անում ենք, որ «Ահոյ» արենան դարձնենք մեր ընդհանուր տունը: Չենք համբերում, թե երբ ենք ցույց տալու բոլորին, թե ինչի համար ենք այսքան աշխատել», - ասել է միջոցառման գործադիր պրոդյուսեր Սիցե Բաքերը:
«Եվրատեսիլ 2021»-ի բեմի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել ապրիլի 28-ին: Դրանից հետո կսկսվեն տեխնիկական փորձերը:
Ակնկալվում է, որ մասնակից երկրների առաջին պատվիրակությունները Ռոտերդամ կժամանեն մայիսի 8-ին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2021»-ը տեղի կունենա մայիսի 18-22-ը` Ռոտերդամի «Ահոյ» արենայում:
Այս տարի Հայաստանն չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Ըստ Հանրային հեռուստաընկերության՝ որոշումը կայացվել է «համապարփակ քննարկումներից և բանակցություններից» հետո։
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,- ասված է հայտարարությունում։