Տավուշի մարզում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 15 մ սահել դեպի ձորը և կողաշրջվել է
Մարտի 27-ին, ժամը 08։01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan Elgrand» (վարորդ՝ Ս․ Ա․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 15 մ սահել դեպի ձորը և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Ա․ Վ․-ն (ծնված՝ 1985 թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ձորից։