Սպառնո՞ւմ է արդյոք Հայաստանին դեֆոլտ, ինչպես տեղի ունեցավ Ռուսաստանում 1998 թվականին. Փորձագետի պարզաբանումը
Կարծում եմ՝ Հայաստանին սպառնում է դեֆոլտ, ինչպես տեղի ունեցավ Ռուսաստանում 1998 թվականին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:
Նա պարզաբանեց, որ 2,5-3 տարվա ընթացքում պետական պարտքի չափն ավելացել է աննախադեպ 27 տոկոսով դրամային արտահայտմամբ: Բացի այդ, ՀՆԱ-ն այդ ժամանակահատվածում աճել է մի քանի անգամ դանդաղ, քան արտաքին պարտքը:
«2020-ին սկսված տնտեսական անկումը շարունակվում է մինչեւ 2021 թվականը: Ինչի՞ հաշվին կսպասարկվի պարտքը: Պետական բյուջեի եկամուտներից: Եթե եկամուտները նվազում են, տնտեսական անկում է նկատվում, աճում է նաեւ պետական պարտքն ավելացնելու իրական անհրաժեշտությունը, իսկ դրա սպասարկման հնարավորությունները նվազում են»,-նշեց փորձագետը:
Ավետիսյանը պարզաբանեց, որ եթե համեմատենք այդ բոլոր գործոնները, ապա կարող ենք ասել, որ Հայաստանը կայուն քայլերով գնում է դեպի դեֆոլտ:
Հիշեցնենք, որ 1998-ի օգոստոսին Ռուսաստանը հայտարարել է դեֆոլտ պարտքային պարտավորությունների հիմնական տեսակների մասով, ինչպես նաեւ հրաժարվել դոլարի նկատմամբ ռուբլու կայուն փոխարժեքի պահպանումից: