Վենեսուելայի նավթագազային ընկերության գործարանում ահաբեկչություն է տեղի ունեցել
Ահաբեկչություն է տեղի ունեցել Վենեսուելայի PDVSA պետական նավթագազային ընկերության գազի գործարանի տարածքում, որը տեղակայված է Մոնագաս նահանգում: Այդ մասին հեռախոսով Venezolana de Televisión հեռուստաալիքին հայտնել է Վենեսուելայի արդյունաբերության եւ ազգային արտադրության նախարար Տարեք էլ Այսամին:
«Ցանկանում ենք հայտնել ազգային եւ միջազգային հանրությանը նոր ահաբեկչական գործողության մասին, որն ուղղված է մեր գլխավոր նավթային ընկերության դեմ, ես խոսում եմ PDVSA-ի մասին»,-ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ տեղի ունեցած ահաբեկչությունը վնասել է գործառնական կենտրոնը, որը ծառայում էր՝ որպես գազի լիցքավորման գործարան:
Պաշտոնյան նշել է, որ զոհերի մասին հաղորդագրություններ չկան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: