Պուտինը Բայդենին առաջարկում է բաց երկխոսություն, այլ ոչ թե բանավեճ. Պեսկով
ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի միջեւ չի կարող լինել ոչ մի բանավեճ, Ռուսաստանի ղեկավարի առաջարկը նախատեսում է բաց երկխոսություն: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բնական է, որ երկու նախագահների միջեւ չի կարող լինել բանավեճ: Նա [Պուտինը] առաջարկել է պարզապես շարունակել երկու պետությունների ղեկավարների երկխոսությունը»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա հստակեցրել է, որ Պուտինը հարց է բարձրացրել այն մասին, որ զրույցը կայանա գործնականում ուղիղ եթերում: «Որովհետեւ պարոն Բայդենի կողմից կատարվել էին որոշակի հայտարարություններ, բավականին աննախադեպ հայտարարություններ, որպեսզի թույլ չտրվի, որ այդ հայտարարությունները վերջնականապես վնաս հասցնեն առանց այն էլ անմխիթարական վիճակում գտնվող ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, նախագահ Պուտինն առաջարկել է քննարկել իրավիճակը, բայց դա անել բաց»,- պարզաբանել է մամուլի քարտուղարը:
«Քանի որ Բայդենի բուն խոսքը բավականին աննախադեպ էր, ապա չի կարելի բացառել նաեւ շփման աննախադեպ ձեւաչափերը»,- համոզված է Պեսկովը:
Ի պատասխան հարցին՝ ո՞ր հարթակների միջոցով է հնարավոր անցկացնել առաջնորդների զրույցը, Կրեմլի ներկայացուցիչը զարմացել է. «Ի՞նչ է նշանակում որ հարթակի միջոցով: Գոյություն ունեն տեսակապ, տեսակոնֆերանսներ: Հիմա, ըստ էության, բոլոր երկրներում կյանքի մեծ մասն իրականացվում է այդ տեսակոնֆերանսների միջոցով»:
Նա հիշեցրել է, որ դրա համար ստեղծված են ինչպես բաց, այնպես էլ փակ հարթակներ: «Փառք Աստծո, ԱՄՆ եւ Ռուսաստանի ղեկավարության միջեւ հաղորդակցությունների տեխնոլոգիան թույլ է տալիս տեսակապ անցկացնել փակ ռեժիմում»,- նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: Նա շեշտել է, որ ղեկավարների բուն զրույցն, ի դեպ, նախատեսվում է հրապարակային դարձնել: