Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս լքել Մյանմարը
Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Մյանմարը, փոխանցում է AFP-ն:
Ռազմական իշխանությունները գնալով ավելի կոշտ կերպով են ճնշում բողոքի ցույցերը փետրվարի 1-ի հեղաշրջման դեմ, որոնք, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր փորձագետի խոսքով, առնվազն 70 մարդու կյանք խլեցին երկրում:
Անկարգությունները Բրիտանիային դրդեցին հորդորել իր քաղաքացիներին հնարավորության դեպքում լքել երկիրը: «Արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման գրասենյակը Բրիտանիայի քաղաքացիներին խորհուրդ է տալիս լքել երկիրը, եթե մնալու հրատապ անհրաժեշտություն չկա»:
Այս քայլն արվեց այն բանից հետո, երբ Մյանմարում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Թոմաս Էնդրյուսը կոշտ գնահատական տվեց ճգնաժամին:
Երկիրը «վերահսկվում է արյունոտ, անօրինական ռեժիմի կողմից», որը հավանաբար «մարդկության դեմ հանցագործություններ» է կատարել»,- հայտարարել է Էնդրյուսը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին Ժնեւում: