Դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը. Արա Զոհրաբյան
ՔաղաքականությունՓաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով՝ դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը և հաստատել, որ դատախազությունը և ՀՔԾ-ն խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները: Զոհրաբյանի գրառումը՝ ստորև.
«Ինչպես գիտեք, 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։
ՀՀ գլխավոր դատախազությունը նշված հաղորդումը ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ հատուկ քննչական ծառայությունը խուսափել է քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելուց, այդ հաղորդումը կցելով մեկ այլ քրեական գործի նյութերին:
Հատուկ քննչական ծառայության այս անգործությունը բողոքարկվել էր դատարան:
Դատարանն (դատավոր Հ.Մանուկյան) այսօր որոշել է՝
«Արա Զոհրաբյանի և Արմինե Ֆանյանի կողմից ներկայացված բողոքը բավարարել: Ճանաչել Արա Զոհրաբյանի և Արմինե Ֆանյանի իրավունքների և ազատությունների խախտումը: Վարույթն իրականացնող մարմնի համար սահմանել պարտականություն վերացնելու դրանք՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:»:
Դատարանն ըստ էության հաստատել է, որ դատախազությունը և հատուկ քննչական ծառայությունը խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները:
Թե ինչու են ՀՀ դատախազությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խուսափում պետական դավաճանության փաստով քրեական գործ հարուցելուց, առանձին քննարկման հարց է»: