Գերի ընկած Էրիկ Խաչատրյանի վերադարձի մասին լուրը կեղծ է
Համացանցում լուրեր են տարածվում, թե այսօր ՀՀ վերադարձած 5 գերիների ցանկում է նաև 18-ամյա Էրիկ Խաչատրյանը։
Տեղեկությունը կեղծ է, Էրիկը վերադարձողների ցանկում չէ։
Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կարդացին հայրենիք վերադարձած 5 գերիների անունները։ Նրանք են՝ Գալոյան Թաթուլ Սամվելի (Գյումրի), Գալստյան Արայիկ Հրաչյայի (Գյումրի), Իսրայելյան Հովհաննես Գևորգի (Գյումրի), Մովսիսյան Վահրամ Արայիկի (Գյումրի), Մանուկյան Կարեն Արայիկի (Մասիս): Այստեղ են հավաքվել գերիների բազմաթիվ հարազատներ:
Էրիկը ծառայել է Ջաբրայիլում, բայց վերջին զրույցը հոր հետ եղել է Հադրութի գյուղերից մեկում: Վերջին անգամ հոր հետ զրույցում ասել է, որ լավ է, ամեն ինչ կարգին է, անհագստանալու որեւէ բան չկա, եւ այդպես կապն Էրիկի հետ կտրվել է, մինչեւ տեսել են համացանցում տարածված տեսանյութերով գերի ընկած տղաներին այդ թվում նաեւ Էրիկին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ 44-օրյա պատերազմի ժամանական թշնամին մերթընդմերթ հարվածներ է հասցրել նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքին։ Արդյունքում՝ Ադրբեջանի կողմից օկուպացվել է Արցախի մեծ մասը։ Նոյեմբերի 9-ին հրադադարի եռակողմ հայտարարություն է ստորագրվել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ։
Հավելենք, որ վիրավորների, գերիների ու ռազմագերիների մասին պաշտոնական վերջնական տվյալներ չկան։