Տիգրան Ավինյա՞նն է բարեխոսել
Երևանի ավագանին իր այսօրվա՝ փետրվարի 9-ի նիստում Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նվարդ Վարդանյանին: Որոշումն ընդունվեց միաձայն՝ 46 կողմ ձայնով: Այս մասին հայտնում ե «Հրապարակը»:
«Մեզ հասած տեղեկություններով՝ Վարդանյանի ընտրությանը միջամտել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, իսկ պատճառն այն է, որ Ավինյանը խիստ հետաքրքրված է Կոնդ թաղամասի վերակառուցման ծրագրով։ Նուարդ Վարդանյանի նշանակմամբ Ավինյանը, ըստ էության, լուծում է այդ ծրագրի իրականացման ընթացքում ավագանու միջամտության հարցը՝ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովում նշանակելով իր նախընտրած մարդուն, իսկ Կոնդի վերակառուցման ցանկացած ծրագրի վերաբերյալ ավագանու անունից գնահատական տվողը հենց այդ հանձնաժողովն է։
Նշենք, որ այդ պաշտոնը թափուր էր մնացել «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանի՝ մանդատը վայր դնելուց հետո:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը դեռևս 2019 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որտեղ սպառնացել էր «հատ-հատ ծամել բոլորի ականջները»։
Նա Գևորգ Վարդանյանի դուստրն է, որը 90-ականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ 1993-ին եղել է ՀՀ նախկին պետնախարար, 1995-1998թթ.ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 1998-2000թթ՝ բնապահպանության նախարար, հայտնի է «Ժոկո» մականունով»,-գրում է լրատվամիջոցը: