Աղդամի մշտադիտարկման կենտրոնը կգործի շաբաթ օրվանից․ «ՌԻԱ Նովոստի»
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը հայտնում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախում հրադադարի մշտադիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կսկսի գործել շաբաթ օրվանից՝ հունվարի 30-ից։ Նշենք, որ դեռևս 2020 թ․ դեկտեմբերի 31-ին Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հետ Բաքվում կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Աղդամում տեղակայվելիք մշտադիտարկման կենտրոնը պատրաստ կլինի 10 օրից, առավելագույնը՝ 2 շաբաթից։ Իսկ հունվարի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նշել էր, որ կենտրոնում սկզբնական շրջանում տեղակայվելու են 60 ռուս և 60 թուրք զինծառայող հավասարապես։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության հաջորդ օրը ստորագրվեց ռուս-թուրքական համաձայնագիր, ըստ որի Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման համար պետք է ստեղծվեր ռուս-թուրքական համատեղ կենտրոն։ Նշենք, որ Աղդամը, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների հետ միասին, նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել է Ադրբեջանին։