Սյունիքի մարզում հայտնաբերվել է կնոջ դի
Երեկ՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արավուս գյուղի վարչական ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը ահազանգել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Արավուս գյուղի «Քարաղբյուր» կոչվող տարածքում դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, ոստիկանության Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նախորդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ, 72-ամյա Նուրվարդ Ն.-ն դուրս է եկել տնից և չի վերադարձել, ինչն էլ անհանգստություն է առաջացրել հարազատների ու համագյուղացիների մոտ և նրանք սկսել են կատարել որոնողական աշխատանքներ:
Արդյունքում նշված վայրում այրված թփերի մոտ հայտնաբերվել է մարմնի տարբեր հատվածներում տարբեր աստիճանի ջերմային այրվածքներով Նուրվարդ Ն.-ի դին:
Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: