Պատերազմի առաջին ժամերի ընթացքում մեծ թվով զոհեր ենք ունեցել զորանոցներում, զինվորներն ուղղակի քնած են եղել
«Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովին «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը նոր դրվագ ներկայացրեց ու հրավիրեց վարույթն իրականացնող մարմնի ուշադրությունը։
«Եղե՞լ է արդյոք երեք անգամ ռազմական հետախուզության կողմից պաշտոնական տեղեկացում պատերազմի սկսվելու օրվա ու ժամի վերաբերյալ, թե՞ ոչ: Քանի՞ անգամ է այդ մասին զեկուցվել Գլխավոր շտաբ, ապա՝ պետության քաղաքական ղեկավարությանը», - հետարքրքվեց Ղազինյանը։
Նա ընդգծեց, թե, ըստ առկա տեղեկության, ռազմական հետախուզության կողմից պատերազմի սկսվելու օրվա ու ժամի վերաբերյալ տեղեկատվության հիմքով Հայաստանում հայտարարված է եղել «թիվ մեկ մարտական դրություն»։
«Զորանոցից դուրս է բերվել ամբողջ զորքը, զինապահեստներից դուրս է բերվել ամբողջ զինամթերքը», - ասաց նա։
Ղազինյանը նշեց՝ ի տարբերություն Հայաստանի, Արցախում մարտական թիվ մեկ վիճակը հանվել է շատ ավելի շուտ։
«Սա պետք է ստուգվի վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Զորանոցներում են մնացել զինվորներ, իսկ զինամթերքը դուրս չի բերվել պահեստներից ու, ըստ առկա տեղեկատվության, ահռելի քանակությամբ զինամթերք ոչնչացվել է հենց պահեստներում պատերազմի առաջին մի քանի ժամվա ընթացքում ու բավական մեծ թվով զոհեր ենք ունեցել զորանոցներում, զինվորներն ուղղակի քնած են եղել. զինվորներին զորանոցում պահելը ռազմական առումով հանցագործություն է», - ընդգծեց Ղազինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին