Ողբերգական վթար Կոտայքի մարզում․ կա 3 զոհ, վիրավորներից մեկը երգիչ Վարդան Ուռումյանն է
ОбществоԱյսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնցից երկուսը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի համանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 2-ը, գիտակցության չգալով, մահացել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi Pajero-ն վարել է սիրված ու ճանաչված երգիչ Վարդան Ուրումյանը, ով նույնպես բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: