Արսեն Հարությունյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Նա հաղթել է թուրք Աթլիին
ՍպորտԲուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին ոսկե մեդալը:
ԵԱ-ի կրկնակի չեմպիոն է հռչակվել Արսեն Հարությունյանը: Նա մինչեւ 61 կգ քաշային կարգի եզրափակչում հանդիպել է թուրք Սուլեյման Աթլիին:
Արագ ու դինամիկ պայքարի սիրահար Հարությունյանը միանգամից նետվել է պայքարի, բռնել մրցակցի ոտքն ու 6 միավոր վաստակել: Նա շարունակել է զարգացնել հաջողությունն ու նորից տապալել մրցակցին՝ վաստակելով 2 միավոր:
Հայ մարզիչները չեն համաձայնվել մրցավարի որոշման հետ ու բողոքարկել են, արդյունքում Աթլիին 1 միավոր է ստացել, ապա նա առաջին մրցափուլում հաշիվը դարձրել է 8:3:
Թեժ մրցակցությունը շարունակվել է նաեւ երկրորդում: Հարությունյանը ոտքից բռնվածքով եւս 2 միավոր է ավելացրել, ապա հաշիվը դարձրել 15:3 ու ժամանակից շուտ ավարտել գոտեմարտը:
Ավելի ուշ բրոնզե մեդալի համար պայքարում Հրայր Ալիխանյանը (74 կգ) մրցելու է վրացի Գիորգի Սուլավայի հետ:
Երեկ ԵԱ-ի արծաթե մեդալակիր է դարձել Արման Անդրիասյանը (70 կգ), իսկ Մանվել Խնձրցյանը (57 կգ) դարձել բրոնզե մեդալակիր: