Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Անահիտ Սիմոնյանը դեպրեսիայի մեջ է:

Ըստ լուրերի՝ նա անդադար լաց է լինում:

Starnews-ին հայտնի է դարձել, որ չնայած այն հանգամանքին, որ Հայկոյի մահից օրեր են անցել՝ Անահիտը որդու՝ Արմանի հետ մեկնել է Դուբայ՝ հանգստանալու:

Այդ մասին հայտնում են մեր աղբյուրները, ինչպես նաեւ Անահիտին նկատել են օդանավակայանում:

Հավելենք, որ Հայկոյի մահից հետո Անահիտը գրառում էր կատարել, որում նշել էր, որ վախենում է իրենց որդուն հայտնել հոր մահվան մասին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմանը Հայկոյի մահից հետո առաջին լուսանկարն էր հրապարակել:

Հիշեցնենք նաեւ, որ Անահիտն իր գրառման մեջ նշել էր հետեւյալը.

«Նամակ քեզ, Հայկոս։ Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես։ Ես գիտեմ, որ դու միշտ մոտ կլինես եւ ականջիս կհուշես, թե ինչպես վարվել Արմանի հետ։ Որովհետեւ միայն դու էիր հասկանում նրա լեզուն։ Դու մինչեւ վերջին պահը հաշտեցնում էիր մեզ՝ ասելով, թե դու, կարծես, երկու երեխա ունես։ Երբ ես ու նա վիճում էինք, միայն դու կարող էիր մեզ հաշտեցնել: Զանգում էիր ինձ, ասում․ – Ան, սիրալիր եղիր, գնա, գրկիր, համբուրիր նրան, հետո զանգում էիր Արմանին, ասում, որ մայրիկը ճիշտ է, գնա, գիրկիր, համբուրիր, դու փոքր ես, դու՝ որպես տղամարդ, պետք է անես առաջին քայլը։

Անկախ իմ ու քո՝ երբեմն իրար չհասկանալուց, մենք միշտ միասին ենք եղել, եւ դա երբեք չի բաժանել մեր հոգիները, դու արթնանում էիր, զանգում ինձ, ես արթնանում էի, զանգահարում քեզ, եւ մինչեւ քո վերջին օրերը մենք զգում էինք, որ աշխարհում ավելի հարազատը չկա եւ չի կարող լինել ոչ ոք, ով կկիսեր մեր ուրախությունն ու ցավը։ Այդպես էլ ոչ ոք չի կարող հասկանալ ու զգալ այն ցավը, որ իմ սրտում մշտական սպի կդառնա։

Ես չեմ կարող մեր երեխային տալ այն հույզերը, որոնք դու էիր նրան պարգեւում, որովհետեւ ձեր կապն ուրիշ էր։ Դուք մեկ ամբողջության նման սիրում էիք իրար ու կատակում իմ մասին, որ ես կրկին կսկսեմ խանդել։ Թող գոնե ես ապրեի ձեր սիրո հանդեպ խանդով ամբողջ կյանքում, բայց քո ներկայութամբ։ Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ․․․, բայց չկարողացա։ Ներիր ինձ, որ չկարողացա ոչնչով օգնել քեզ»,- գրել է Անահիտ Սիմոնյանը։

 

«Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես եւ չես ապրի մինչեւ Արմանի հարսանիքը։ Ինչո՞ւ էիր այդպես կատակում եւ ինչու ինձ մենակ թողեցիր այդ մեծ ու դաժան աշխարհում։ Մեզ թողեցիր առանց հենարանի, առանց իմաստի։ Ես երբեք չեմ կարողանա մեր երեխայի սրտում լցնել քո տեղը։ Եվ չգիտեմ՝ ինչպես ասել նրանց այդ մասին, ես շատ եմ վախենում։ Դու բուժքրոջն ասում էիր, որ ես ուժեղ եմ, որ կլուծեմ յուրաքանչյուր հարց, բայց դու չէիր հասկանում, որ ես ուժեղ էի՝ զգալով, որ դու կաս, զգալով, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Արմանը հայր ունի, որը նրան երբեք թույլ չի տա նեղացնել»,-գրել էր նա: