Ծնկից վերև մի մատնաչափ բեկոր վաստակեցի. հրետանավոր Շանթը նոթատետրին էր հանձնել պատերազմի հիշողությունները
19-ամյա հրետանավոր Շանթ Նավոյանը հունվարի 8-ին զորակոչվել էր բանակ։ Ծառայում էր Կապանում, սակայն պատերազմից օրեր առաջ Շանթին տեղափոխել էին Ջաբրայիլ՝ ուսումնական հավաքի։
«Երեք տարի նույն թիմում էինք խաղում, ֆրիզբի էինք պարապում, ու ամեն օր, երբ բոլորը գնում էին տուն, մենք մնում էինք ու շարունակում էինք պարապել, որ հասնեինք մեր երազանքին՝ դառնայինք աշխարհի չեմպիոն։ Կիրականացնենք իր նպատակը, բայց առանց նրա։ Ինքը գրեթե մեկ տարի չէր տեսել իր ընտանիքի անդամներին, չէր տեսել ընկերուհուն, բայց խոսելիս անընդհատ էր, որ ամեն ինչ լավ է, իրենք ինձ սպասում են, ես էլ գալու եմ»,- NEWS.am-ի հետ զրուցում պատմեց Շանթ Նավոյանի ընկերը՝ Էդգար Հակոբկեխյանը։
Շանթ Նավոյանը սովորում էր Ֆրանսիական համալսարանի մարքեթինգի բաժնում, թեպետ ավելի վաղ մտադրություն էր ունեցել ռեժիսոր դառնալու։ Ընկերները հիշում են՝ Շանթի հետաքրքրությունները անսահման էին և իրարից տարբեր։ Հետաքրքրություններից մեկն էլ ստեղծագործելն էր։ Շանթը թղթին էր հանձնում ցանկացած զգացական վիճակ և բացահայտում իր ընկալումը երևույթների և մարդկանց նկատմամբ։
«Շանթն ամեն ինչի մեջ գեղեցկություն էր գտնում և յուրահատուկ մեկնաբանում։ Նա յուրահատուկ էր որպես աշակերտ, որպես ընկեր, որպես զավակ։ Ամեն ինչում ինքը նրբանկատ էր։ Ես նրան հաճախ ասում էի՝ դու իմ ջենթլմենն ես»,- հիշեց Շանթի դասղեկը՝ Շուշանիկ Ումրոյանը։
Շանթն իր ջոկատի հետ 20 րոպեում 40 արկ է կրակել, 3 շարասյուն տանկ ոչնչացրել։ Ամեն զանգի ժամանակ Շանթը փորձել է հանգստություն փոխանցել ծնողներին, և միայն իր նոթատետրից է հայտնի դարձել, որ Շանթը մինչև մահացու վիրավորում ստանալը նաև բեկորային վնասվածք էր ստացել։
«Պատերազմի ընթացքում ոչ մի բացասական բան չենք լսել իրենցից։ Անգամ պահ էր գալիս, որ մտածում էինք մենք ենք իրադարձություններից, իրողություններից հեռո՞ւ , թե՞ ինքը, որովհետեև անընդհատ փորձում էր մեզ հանգստություն փոխանցել։ Շատ բաներ մեզ հայտնի դարձան իր նոթատետրի միջոցով։ Նոթատետրից մեզ հայտնի դարձավ, որ ինքն արկի պայթյունից հետո բեկորային վնասվածք էր ստացել։ Նոթատետրում գրել էր՝ «Ծնկից վերև մի մատնաչափ բեկոր վաստակեցի, մի փոքր քերծվածք ստացա»։ Նա կռվեց, մարտնչեց մինչև վերջ»,- ասաց Շանթի մայրը՝ Էլեն Նավոյանը։
Շանթ Նավոյանը նահատակվել է հոկտեմբերի 10-ին։ Հուղարկավորվել է Եռաբլուրում։