Կահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվել
МеждународноеԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հյուսիսային հատվածում բենզատարի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 30 մարդ զոհվել է, ևս 15-ը՝ տուժել։ Այս տվյալները հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը։
«Այս պահի դրությամբ միջադեպի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 15 տուժած, իսկ զոհերի թիվը հասել է 30-ի»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Առողջապահության նախարարությունից հավելել են, որ դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 39 մեքենա, իսկ պատահարի շրջակայքում գտնվող բոլոր բուժհաստատությունները բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի։
Cairo24 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Կահիրեի հյուսիսում՝ Էլ-Վարակ շրջանում, բենզատարն ընկել է կողքի և բռնկվել։ Կրակն արագ տարածվել է նաև մի քանի այլ ավտոմեքենաների վրա, որոնք միջադեպի պահին գտնվել են շրջված բենզատարի հարևանությամբ։
Հեռուստաալիքը չի հստակեցրել, թե ինչն է դարձել բենզատարում վառելիքի պայթյունի պատճառը։ Սակայն, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ դեպքից կարճ ժամանակ առաջ ճանապարհի վրա էլեկտրական լարման տակ գտնվող մալուխ է ընկել։ Այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։
Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին հանձնարարել է տուժածներին ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն, ինչպես նաև ֆինանսական փոխհատուցում տրամադրել տուժածներին և զոհերի ընտանիքներին։
Հետևեք մեզ՝ այստեղ