ՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրել
ОбществоՍոֆթԿոնստրակտի և Հայաստանի ֆրանսիական համալսարանի երկարամյա գործակցությունն օրերս ամրապնդվել է նոր հուշագրով, որը ստորագրել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանն ու համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին։
Միջոցառման ընթացքում «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Ռոման Բադալյանն անդրադարձել է ՍոֆթԿոնստրակտի զարգացմանը, արհեստական բանականության ոլորտում ձեռքբերումներին և ուսանողների կարիերայի հնարավորություններին․ «Մենք արհեստական բանականության ուղղությամբ սկսել ենք աշխատել շուրջ չորս տարի առաջ՝ ստեղծելով ԱԲ գերազանցության կենտրոնը։ Այդ գործընթացը զարգացնելու և ուղղորդելու նպատակով համագործակցության ենք հրավիրել McKinsey & Company ընկերությանը։ Այսօր կարող եմ վստահաբար ասել, որ մեր երկրում ԱԲ ոլորտի առաջատար ընկերությունն ենք», - ասել է նա։
Ի դեպ, ՍոֆթԿոնստրակտի և Հայաստանի ֆրանսիական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ Թուլուզի համալսարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է «AI for Good» միջոցառումը։ Միջոցառման առանցքում համանուն հաքաթոնն էր, որի ընթացքում ուսանողական վեց թիմեր ներկայացրել են կեղծ բովանդակության բացահայտման և տեղեկատվության ստուգմանն ուղղված արհեստական բանականության լուծումներ։ Հաքաթոնի ավարտին լավագույն երեք թիմերն արժանացել են դրամական պարգևների։
Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ասել է․ «ՍոֆթԿոնստրակտը մեր գլխավոր գործընկերներից մեկն է, որի հետ համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում։ Արհեստական բանականության զարգացումը ևս մեկ առիթ է ընդլայնելու այդ համագործակցությունը։ Ընկերությունն աջակցում է մեր կրթական ծրագրերին, տրամադրում կրթաթոշակներ և հովանավորում պրակտիկան։ Այսօր ՍոֆթԿոնստրակտում աշխատում են մեր տասնյակ շրջանավարտներ»։
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն: Միջազգային հյուրերը տպավորված էին ուսանողների աշխատանքներով։
Թուլուզի համալսարանի միջազգային և եվրոպական հարաբերությունների գծով փոխնախագահ Ռիշար Գիլեն ընդգծել է, որ այս գործակցությունն իր համար օրինակելի է․ «Համագործակցության արդյունքները տեսա ուսանողների ներկայացումներում և դրանք իսկապես տպավորիչ էին։ ՍոֆթԿոնստրակտի ընձեռած հնարավորությունը հրաշալի է ուսանողների համար թե՛ գործնական պատրաստվածություն ստանալու, թե՛ մասնագիտական փորձ ձեռք բերելու առումով», - ասել է նա։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում ԱԲ անվտանգության, դիփֆեյքերի, սինթետիկ մեդիայի և տեղեկատվության հավաստիության պահպանման թեմաներով։