ԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ
ОбществоՆոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է
ԶՊՄԿ-ն շնորհավորում է բոլոր ուսանողներին՝ մաղթելով հաջողություններ ուսման մեջ, մասնագիտական կողմնորոշման հստակություն և նպատակների իրականացում։
Մենք համոզված ենք, որ կրթությունը երիտասարդների մասնագիտական կայացման և հասարակության զարգացման կարևորագույն հիմքերից է և այս համատեքստում, ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերում առանձնահատուկ տեղ ունի կրթության և կրթական ծրագրերի խրախուսումը։
Ընկերությունն աջակցում է աշխատակիցների ընտանիքներին`ըստ առաջադիմության փոխհատուցելով նրանց երեխաների ուսման վարձը: Միայն 2026 թվականին 817 ուսանողի ուսման վարձի դիմաց վճարվել է ավելի քան 260 մլն դրամ։
Զուգահեռաբար կարևորում ենք երիտասարդների անմիջական ծանոթությունը հանքարդյունաբերության ոլորտին։
Այս նպատակով շուրջ 450 երիտասարդի համար 2026 թվականին կազմակերպվել են ճանաչողական այցեր մեր ընկերություն, որոնց ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու արտադրական գործընթացներին, ոլորտի առաջնահերթություններին, ամենօրյա աշխատանքին և մասնագետների գործունեությանը։
Մենք կարևորում ենք, որ երիտասարդները ոչ միայն տեսական գիտելիքներ ստանան, այլև պատկերացում կազմեն դրանց գործնական կիրառության, մասնագիտական հնարավորությունների և ոլորտի զարգացման հեռանկարների մասին։
ԶՊՄԿ-ն շարունակելու է աջակցել կրթական նախաձեռնություններին և երիտասարդների զարգացման ծրագրերին՝ համոզված լինելով, որ գիտելիքով, հմտություններով և պատասխանատու մոտեցմամբ զինված երիտասարդներն են ձևավորելու վաղվա աշխատաշուկան և իրենց ներդրումն ունենալու երկրի զարգացման գործում։
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ։ Թող ձեր գիտելիքները դառնան նոր հնարավորությունների և հաջողությունների հիմք։