Պարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան
ПолитикаՊետությունը քաղաքացուն չպետք է թողնի միայնակ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, տույժերի և բարդ ֆինանսական պայմանագրերի դեմ։
խնդիրը միայն պարտքերի կամ բարձր տոկոսադրույքների հարց չէ։ Այն նաև ֆինանսական կրթության, սպառողների իրավունքների պաշտպանության և սոցիալական պատասխանատվության խնդիր է։
Այստեղ պետք է տարբերակել երկու բան. քաղաքացին պարտավոր է պատասխանատու լինել իր ֆինանսական որոշումների համար, բայց պետությունն էլ պարտավոր է ապահովել, որ ֆինանսական համակարգում քաղաքացին պաշտպանված լինի անարդար պայմաններից, մոլորեցնող առաջարկներից և անհամաչափ տույժերից։
Ի՞նչ պետք է անի պետությունը։
1. Ֆինանսական գրագիտությունը պետք է դառնա պետական ծրագիր
Դպրոցներում պետք է դասավանդվի ֆինանսական գրագիտություն։
Մարզերում և համայնքներում պետք է գործեն անվճար ֆինանսական խորհրդատվության կենտրոններ։
Քաղաքացին պետք է հասկանա՝ ինչ է տարեկան փաստացի տոկոսադրույքը, ինչպես են հաշվարկվում տույժերը, ինչ է վարկային պատմությունը և ինչ հետևանքներ ունի ժամկետանց պարտավորությունը։
Վարկ վերցնելուց առաջ քաղաքացին պետք է ստանա իր ֆինանսական հնարավորություններին համապատասխան պարզ ու հասկանալի խորհրդատվություն։
2. Վարկավորումը պետք է լինի պատասխանատու
Պետությունը պետք է վերահսկի ոչ միայն այն, թե քաղաքացին ինչքան վարկ է վերցնում, այլև այն, թե վարկատուն որքան պատասխանատու է վարկ տրամադրելիս։
Պետք է ներդրվեն ավելի արդյունավետ մեխանիզմներ, որոնք հաշվի կառնեն՝
1. քաղաքացու իրական եկամուտները,
2.արդեն ունեցած վարկային պարտավորությունները,
3. ընտանիքի նվազագույն կենսական ծախսերը,
4.նոր վարկը սպասարկելու իրական հնարավորությունը։
Եթե մարդն ակնհայտորեն ի վիճակի չէ մարել վարկը, ֆինանսական կազմակերպությունը չպետք է շահագրգռված լինի նրան նոր պարտքի մեջ ներքաշելու հարցում։
3. Տույժերի և տուգանքների կուտակումը պետք է սահմանափակվի
Պետք է ուսումնասիրել վարկերի ժամկետանց պարտավորությունների հաշվարկման ամբողջ համակարգը։
Անհրաժեշտ է՝
1.կանխել անհամաչափ տույժերի կուտակումը,
2. բացառել նույն խախտման համար անհիմն բազմակի ֆինանսական պատժամիջոցները,
3.սահմանել պարտքի վերակառուցման հասանելի ընթացակարգեր,
4.ծանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքացիների համար նախատեսել անհատական լուծումներ։
Պարտքի վերադարձը պետք է լինի ֆինանսական կարգապահության միջոց, ոչ թե քաղաքացուն անվերջ պարտքերի մեջ պահելու մեխանիզմ։
4. Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը պետք է հասանելի դարձնել բոլորին
Սա շատ կարևոր խնդիր է։
Հայաստանում արդեն գործում է Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը։ Այն անվճար քննում է ֆինանսական կազմակերպությունների դեմ սպառողների պահանջները։
Օրինակ՝ Հաշտարարը կարող է քննել անհիմն տույժերի, պայմանագրային պայմանների խախտման, վարկի վաղաժամկետ մարման անհիմն պահանջների հետ կապված վեճեր։
Սակայն ինստիտուտի գոյությունը բավարար չէ։ Քաղաքացին պետք է իմանա, թե ինչպես օգտվել դրանից։
Պետությունը պետք է կազմակերպի՝
հեռուստատեսային և սոցիալական գովազդային իրազեկման արշավներ,
անվճար հեռախոսային խորհրդատվություն,
մարզերում շարժական խորհրդատվական խմբեր,
պարզեցված առցանց դիմումների համակարգ։
Հաշտարարին դիմելուց առաջ քաղաքացին նախ պետք է գրավոր բողոք ներկայացնի ֆինանսական կազմակերպությանը։ Վերջինս սովորաբար ունի 10 աշխատանքային օր պատասխանելու համար, իսկ վարկային բյուրոյի դեպքում՝ 15 աշխատանքային օր։
5. Պետք է ստեղծել վարկային պարտքերի վերակառուցման պետական աջակցության մեխանիզմ
Սա հատկապես կարևոր է այն քաղաքացիների համար, որոնք հայտնվել են ծանր ֆինանսական վիճակում։
Օրինակ՝ պետությունը կարող է ստեղծել անկախ խորհրդատվական և միջնորդական համակարգ, որը կօգնի քաղաքացուն և վարկատուին համաձայնության գալ՝
մարման ժամկետի երկարաձգման,
ամսական վճարի նվազեցման,
պարտքի վերակառուցման,
անհամաչափ կուտակված տույժերի վերանայման շուրջ։
Սա չի նշանակում բոլոր պարտքերը ներել։ Դա նշանակում է մարդուն հնարավորություն տալ դուրս գալ պարտքային փակուղուց և վերադառնալ բնականոն տնտեսական կյանքին։
6. Պետք է խստացնել ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը
Կենտրոնական բանկը պետք է ոչ միայն վերահսկի ֆինանսական կազմակերպությունների գործունեության օրինականությունը, այլև հետևողականորեն ուսումնասիրի սպառողներին պատճառվող վնասը։
Պետք է հրապարակվեն տվյալներ՝
քանի քաղաքացի է հայտնվել ժամկետանց պարտքերի մեջ,
որքան են կազմում տույժերն ու տուգանքները,
որքան բողոք է ստացվել ֆինանսական կազմակերպությունների դեմ,
քանի բողոք է բավարարվել,
որ ոլորտներում են առավել հաճախ արձանագրվում սպառողների իրավունքների խախտումներ։
Առանց այդ տվյալների դժվար է գնահատել խնդրի իրական մասշտաբը։
7. Պետք է ունենալ պարտքային ծանր վիճակում հայտնված քաղաքացիների սոցիալական պաշտպանության ծրագիր
Երբ մարդը կորցնում է աշխատանքը, հիվանդանում է կամ ընտանիքում առաջանում է ծանր սոցիալական իրավիճակ, պետությունը պետք է ունենա ժամանակավոր աջակցության և պարտքի վերակառուցման գործիքներ։
Սա կարող է ներառել ժամանակավոր սոցիալական գնահատում, իրավաբանական խորհրդատվություն և վարկատուի հետ միջնորդություն։