Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան
СпортՎաղը՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կհյուրընկալվի Լատվիայի ընտրանուն։
Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
— Պարոն Մելիքյան, եթե հաշվի առնենք, որ խմբում մրցաշարային շանսերի մասին չենք կարող խոսել, կուզեի նաև ձեր կարծիքը լսել՝ ի՞նչ նշանակություն ունի այս հանդիպումը հավաքականի համար։
«Բարև ձեզ։ Այո՛, կարևոր խաղ է մեզ համար։ Մենք ոչ միայն պետք է մտածենք միավորներ հավաքելու մասին, այլև այն երիտասարդ թիմի մասին, որ ունենք՝ կայունություն և հաղթանակի հոգեբանություն ձեռք բերելու, որովհետև երկար տարիներ դա պակասել է մեր հավաքականում, իսկ մենք ցանկանում ենք դա ունենալ։ Պայքարի թիմային ոգի ունենք, հաղթանակինն էլ ենք ուզում ունենալ, բայց դեռ այդ ճանապարհի վրա ենք։ Կաշխատենք, որ վաղը մեզ մոտ ստացվի հաղթել, քանի որ ուզում ենք զգալ այդ հաղթանակի հաճույքն ու կարևորությունը։ Վաղը կփորձենք ամեն ինչ անել, բայց այստեղ հեշտ չէ հաղթելը․ իրենք տանը շատ լավ և մրցակիցների համար շատ դժվար ֆուտբոլ են խաղում։ Դրա համար կփորձենք անել ամեն ինչ՝ հաջողության հասնելու համար, բայց մեզ շատ դժվար խաղ է սպասվում»։
— Մոտիվացիայի մասով՝ ինչպե՞ս եք պատրաստվում թիմին տրամադրել։
«Առաջին հերթին ասեմ, որ մենք կոլեկտիվի մեջ ստեղծել ենք մրցակցություն։ Ֆուտբոլիստները պետք է հասկանան, որ ամեն խաղ, անկախ ամեն ինչից, թե ինչպես է ընթանում կամ ինչ հաշիվ է, կապ չունի․ իրենք պետք է խաղադաշտում ցույց տան առավելագույնը, որ չկորցնեն իրենց տեղը մեկնարկային կազմում։ Դա մոտիվացիաներից մեկն է։ Երկրորդը՝ մենք մեր երկիրը, մեր ֆուտբոլն ենք ներկայացնում և պետք է լավագույնը ցույց տանք։ Այնպես որ, չեմ կարծում, թե մենք մոտիվացիայի կարիք ունենք։ Վստահ եմ, որ միավորի կարիք ունենք, թե ոչ, դա մեզ չի խանգարելու, և հաղթանակի հասնելու մեր նպատակն ու ցանկությունը չեն պակասելու։ Առավելագույն մոտիվացիա ունենք»։
— Պարոն Մելիքյան, այս մրցաշարում Հայաստանի հավաքականը չկարողացավ հասնել այն արդյունքին, որին սպասում էին երկրպագուները։ Ո՞րն եք համարում ձախողման գլխավոր պատճառը՝ ռեսուրսի՞ խնդիրը, խաղային որա՞կը, ֆուտբոլիստնե՞րը․․․
«Մեկ անգամ ասել եմ, մեկ անգամ էլ ուզում եմ շեշտել՝ ձախողում չեմ համարում։ Եթե ես ընդունեի պատրաստի, կայուն հավաքական, կհամարեի ձախողում։ Ես ընդունել եմ հավաքական, որտեղ եղել են մեծ խնդիրներ։ Կառուցողական աշխատանքի մեջ եմ և մեկ տարի է, ինչ աշխատում եմ այս թիմում։ Դա երկար ժամանակ չէ, երբ ուզում ես նոր հավաքական ստանալ, սերնդափոխություն անել, կայուն խաղ, կայուն արդյունք և հաղթանակներ ունենալ․․․ Դա այդքան էլ հեշտ ճանապարհ չէ։ Այո՛, մեզ չհաջողվեց, անհաջող խաղեր ունեցանք, և ցավում եմ, որ չկարողացանք այս տարի մեր հարցերը լուծել, բայց սա ձախողում չէ։ Ինչո՞ւ, որովհետև երբ նայում եմ մեկ տարի առաջվա իրավիճակին, մեր մեկ տարվա աշխատանքով շատ հարցեր լուծվել և լուծվում են, մենք այդ ճանապարհի վրա ենք։ Երբ ճիշտ ուղու վրա ենք, ես դա ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն»։
Հիշեցնենք, որ Լատվիա — Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։ Վերջին տուրից առաջ Հայաստանի ազգային հավաքականն իր ակտիվում ունի 5 միավոր և C2 խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։
Հետևեք մեզ՝ այստեղ