Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան
ПолитикаԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Նախընտրական քարոզարշավի ընթացքում մեր քաղաքական ուժը հստակ հայտարարում էր, որ Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը ներկայիս խմբագրությամբ ստորագրելն անընդունելի է, և այն պետք է վերաբանակցվի։ Մինչդեռ բազմաթիվ ընդդիմադիր ուժեր այդ ընթացքում հայտարարում էին, որ կողմ են փաստաթղթի ստորագրմանը։
Բազմիցս նշել եմ, որ այդ պայմանագիրը Հայաստանի համար նախատեսում է ծանր պարտավորություններ և պարունակում մեր պետության համար վտանգավոր բազմաթիվ դրույթներ։ Ընդ որում, Իլհամ Ալիևը պայմանագրի շուրջ բանակցություններում որևէ էական զիջման չի գնացել։
Եվ քանի որ այն, ըստ էության, կազմվել է հենց Ադրբեջանի թելադրած պայմաններով և լիովին բխում է իրենց շահերից, ես համոզված եմ, որ Ադրբեջանը ստորագրելու է պայմանագիրը, երբ Հայաստանի իշխանություններին հաջողվի իրականացնել Բաքվի առաջադրած վերջին կարևոր նախապայմանը՝ փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ։
Ավելին ասեմ. Ադրբեջանի քաղաքական էլիտայի պատկերացմամբ՝ Հայաստանում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն պետք է դառնա հայ ժողովրդի զղջման և Ադրբեջանից ներողություն խնդրելու յուրօրինակ արարողություն։
Ըստ նրանց՝ հայ ժողովուրդը պետք է գնա ընտրատեղամասեր, սեփական ձեռքով Հայաստանի Սահմանադրությունից հեռացնի Անկախության հռչակագրին հղումը և դրանով կարծես ներողություն խնդրի Ադրբեջանից թե՛ այդ հռչակագրի ընդունման, թե՛ Ղարաբաղյան շարժման համար։