Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետ
Политика«Ուժեղ Հայաստանի» անդամները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, հանդիպել են մտավորականների հետ: Լրագրողների հետ զրույցում երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, նշեց, որ հաճելի էր տեսնել ընդդիմադիր կուսակցություններին համախմբված՝ կարևոր օրակարգի շուրջ. «Կարծում եմ՝ դա նույնիսկ շատ վաղուց պետք է լիներ, հատկապես որ օրակարգը հենց մեր ինքնիշխանության, Սահմանադրության հետ է կապված, նաև մեր եկեղեցու պաշտպանության»: Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության համար իշխանությունների ցանկացած հանրաքվեին եւ մնացած քայլերին, այս մասին էլ նշեց, որ թե՛ քարոզարշավի, թե՛ ընտրությունների ժամանակ գործընթացները չեն եղել արդարության սահմաններում, գործի են դրվել իշխանական լծակները. «Անարդարությունը անարդարություն կբերի, իսկ արդարությունը՝ արդարություն, և մենք հենց այդ նպատակով ենք համախմբվում: Մենք հանունի համար ենք պայքարում՝ հանուն հայի, հանուն Հայաստանի, հանուն մեր ազգային ինքնության, մեր մշակութային ժառանգության… Վստահ եմ, որ հայ ժողովուրդը պետք է հաղթի, հայի ինքնությունը պիտի հաղթի…»:
Բանաստեղծ Հուսիկ Արան ասաց, որ այսօր և՛ քաղաքական ուժերի համախմբումը, և՛ այս պահին տեղի ունեցող մտավորականների հավաքին սատար կանգնելը շատ կարևոր է համարում. «Դա է, որ մեզ կարող է ուժ տալ, որ ի վերջո կարողանանք հաղթահարել և՛ Ալիևի թելադրած, պարտադրած սահմանադրությունը, և՛ եկեղեցու դեմ հալածանքը, և՛ մյուս մեր այն կարևոր հենասյուները, որոնք այսօր փորձում են խարխլել, փլուզել և ուղղակի իմաստով ոչնչացնել մեր պետությունն ու պետականությունը, մեր անկախությունը, մեր երկիրը… Անկախության հռչակագիրը մեր Երրորդ հանրապետության ծննդյան վկայականն է: Եթե հրաժարվում ենք ծննդյան վկայականից, պատռում ենք, ուրեմն էլ անձնագիր չի ունենում հանրապետությունը, որովհետև ծննդյան վկայականի հիման վրա են տալիս անձնագիր: Եթե հռչակագրից հրաժարվում ենք, ուրեմն հրաժարվում ենք հայոց պետություն, պետականություն ունենալուց»:
Բանաստեղծի ձևակերպմամբ՝ «Չպետք է Ալիևի պարտադրանքով Հայաստանում սահմանադրություն փոխվի կամ ինչ-որ քայլեր արվեն, որոնք հակապետական են և մեր պետության, պետականության, մեր ազգային ինքնության դեմ են, ինչպես եկեղեցու դեմ հալածանքը, որ տեսնում ենք Փաշինյանի կամ չգիտեմ ում հրահանգով»: Նա նաև ընդգծեց, որ ուզում է այս անգամ հավատալ ընդդիմության միասնությանը: Հանդիպումն ամբողջությամբ