Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան
ПолитикаԵրեկ Հայաստանյան առաջատար քաղաքական ուժերը միասնական հայտարարություն ընդունեցին, որով պարտավորվում են միավորել իրենց ջանքերը՝ ընդդեմ Ալիևյան սահմանադրության և դրանով սեփական անկախությունից հրաժարվելու պարտադրանքի։
Սա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ այդ ուժերից շատերի ղեկավարներն ու ակտիվիստները նույն Ալիևի հրահանգով ապօրինի քրեական հետապնդման են ենթարկվում, շատերն ազատազրկված են, նրանց մի մասից այսօր խլվում է նաև իրենց ունեցածքը՝ վերջնականապես կոտրելու և պայքարից դուրս մղելու համար։
Դրանով հանդերձ, երեկվա իրադարձությունը եկավ փաստելու, որ պայքարի ոգին բնավ չի մարել, և Հայաստանի քաղաքական ուժերը պատրաստ են միասնաբար դիմագրավել այս ծանր մարտահրավերին։
Մենք եղել ենք այս գործընթացը նախաձեռնողներից մեկը՝ համարելով, որ միայն համազգային միասնության դեպքում է հնարավոր դիմադրել բռնատիրական իշխանության և նրա օտար պատվիրատուների պարտադրանքին։ Սա մեր համար ծայրահեղ պատասխանատու հանձնառություն է, որը մեզնից ուժերի գերլարում է պահանջելու։ Բոլոր մեր անդամներին, աջակիցներին և համախոհներին ևս խնդրում եմ առավելագույնն անել՝ իրար թև ու թիկունք լինելու, և պայքարի այս փուլում միասնաբար հաջողության հասնելու համար։
Ստորև կիսվում եմ երեկ ընդունված հայտարարությամբ։
“Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝
հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․
Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։
Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։
Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը։”
«Հայաստան» դաշինք
«Հայաքվե»
«Ապրելու երկիր»
«Բարգավաճ Հայաստան»
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
«Հայ ազգային կոնգրես»
«Ժառանգություն»
«Միասին»
«Դեմոկրատական այլընտրանք»
«Նոր դարաշրջան»
«Հայաստանը ես եմ»
«Ուժեղ Հայաստան»