Արտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում են
ОбществоԱյսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու քաղաքացիները, այդ թվում՝ փլուզված տան հարևանները, փլատակների տակից դուրս են բերել, և տեղում օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Այս պահին փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս բերել տատիկին։ Նրանք օգտագործում են հատուկ տեխնիկա։
Տեղում հերթապահություն են իրականացնում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Գարիկ Ավետիսյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը։
Թե ինչն է եղել տան մի մասի փլուզման պատճառը, պարզվում է, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ փլուզումը գազի արտահոսքի հետ կապ չունի, անգամ գազի արտահոսք տեղի չի ունեցել։
Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը։
Համայնքային ոստիկանները պարզում են տան սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ