Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նախօրեի ճեպազրույցում անդրադառնալով ԵԱՏՄից Հայաստանին դուրս հրավիրելու թեմային, կրկին սկսեց ինչ-ինչ արտաքին ուժերի մեղադրել Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու և անկախությունից, իբր, զրկելու մտադրության մեջ:
«Ընդ որում, նման էֆեկտի հասնելու, այդ թվում՝ Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու արդեն երրորդ դեպքն է լինելու»,-ասաց ՔՊ ղեկավարը, ապա վերստին պնդեց, թե վերջին երեք տարվա ընթացքում սա տեղի է ունենում արդեն երրորդ անգամ: Նրա խոսքով, առաջին նման դեպքը Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումն էր 2023 թվականին, իսկ երկրորդը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները:
Նախ՝ զուտ արձանագրենք, որ Փաշինյանն այդպես էլ չի համարձակվում ուղիղ կերպով անվանել կոնկրետ «մեղավորին»: Պարզորոշ ակնարկվում է Ռուսաստանը, բայց «դուխովների» պետն, այնուամենայնիվ, չի համարձակվում ուղիղ մեղադրել Պուտինին ու Կրեմլին: Երկրորդը. Արցախից հայության բռնի տեղահանության հետ կապված: Ինչպես նշվում է՝ «դու ասացիր»: Արցախի ողբերգությունն ու 2023-ին շուրջ 9 ամսվա շրջափակումից հետո Ադրբեջանի կողմից տասնապատիկ ավել ռազմուժով իրականացված հարձակումն ու 150 հազար հայերին ֆիզիկապես բնաջնջելու սպառնալիքի պայմաններում բռնի տեղահանության մեղքի հիմնական ծանրությունը հենց Ադրբեջանից հետո Նիկոլ Փաշինյանի վրա է: Երբ նա Մակրոնի ու Շառլ Միշելի հետ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ուրացավ Արցախն ու այն ճանաչեց Ադրբեջանի մաս, դրանով գործնականում սկիզբ դրեց Ալիևի կողմից ագրեսիա գործադրելուն և Արցախի հայությանը բռնի տեղահանելուն, Արցախը հայաթափելուն:
Ավելին, Փաշինյանն ինքը հայտարարեց, որ ոչ մի կերպ չեն պաշտպանելու Արցախի հայությանը ադրբեջանական ագրեսիայից, ռազմական որևէ աջակցություն չեն դրսևորելու: Երրորդը. ԱԺ վերջին ընտրություններ: Այո, Հայաստանի ներքին գործերին միջամտություններ, արտաքին ուղղորդումներ այդ ընտրություններում եղել են: Զուտ փաստերով. ՀՀ ներքին գործերին միջամտել են Թուրքիան, Ֆրանսիան, Եվրամիությունը: Վերջինը նաև ֆինանսներ է հատկացրել փաշինյանական ռեժիմին՝ այն կարծեցյալ «արտաքին միջամտություններից պաշտպանելու» նպատակով: Դե, Ադրբեջանի «նվիրած» նախընտրական բենզին-աջակցությունն էլ իր հերթին:
Բոլոր այդ արտաքին միջամտությունները եղել են բացառապես Նիկոլ Փաշինյանի օգտին: Ու ով է, էլի, ինչի մասին խոսում:
Մի խոսքով, եթե արտաքին միջամտություններ եղել էլ են, ապա գերազանցապես՝ Արևմուտքի, նաև՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից: Այդքանից հետո ի՞նչ ինքնիշխանության մասին կարող է խոսք լինել: Ներկայում, ըստ էության, Հայաստանում իշխանության է մի ուժ, որը գերազանցապես օտար, այդ թվում՝ թշնամական երկրների աջակցությունն է վայելում:
Իսկ ընդհանրապես, Փաշինյանին ոչ մի անկախություն էլ չի հետաքրքրում, նրա միակ «փորացավը» հանկարծ ու հանկարծ իշխանությունը չկորցնելն է: Իշխանություն: Եվ վերջ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում