Փայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել է
ОбществоՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի ծառայողները, օրենքով իրենց վերապահված գործառույթների կատարման շրջանակում, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գանձաքարի անտառպետության տարածքում հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին հայտնում են Էկոպարեկային ծառայությունից։
«Վերջինիս վարորդը՝ Գանձաքարի բնակիչ Հ․ Մ․-ն, նկատելով էկոպարեկներին, փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել է: Մեքենայի վարորդը, առանց մարմնական վնասվածքներ ստանալու, դուրս է եկել մեքենայից և փախուստի դիմել, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել է դեպքի վայր և էկոպարեկների բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել է, որ մեքենայում առկա փայտանյութը տեղափոխում էր առանց համապատասխան փաստաթղթերի առկայության։
Ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով բեռնված փայտանյութի մեծ մասը թափվել է անտառի խորքում գտնվող անանցանելի հատված, որտեղից հնարավոր չի եղել դուրս բերել թափված փայտանյութը, իսկ ճանապարհի եզրին ընկած փայտանյութի մյուս մասը, վարորդը, սեփական միջոցներով, տեղափոխել է Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամաս։
Դեպքի առնչությամբ կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իրականացվում է վարչական վարույթ»,- ասվում է հաղորդագրությունում:
Հետևեք մեզ՝ այստեղ