Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան
ПолитикаԱմուլսարի հարցը քաղաքական պայքարի հարթություն ես բարձրացրեցի:
Մինչ այդ ինչ-որ բնապահպաններ, ինչ-որ քայլարշավիստներ ու ինչ-որ աշխուժակներ` գումարած մի բնապահպան-իրավաբան և մի քանի իրական ակտիվիստներ պայքարում էին:
Բայց բնապահպանների այսպես կոչված պայքարը ողորմելի էր, անատամ և խիստ ապաքաղաքական:
Արշավիստ-յարխուշտիստներից մեկն անգամ, որին հիմա էլ են համակրում հայոց յարխուշտիստները` ասում էր որ հարցը ռեժիմի հետ կապ չունի բոլորովին և որ ռեժիմը հետ կկանգնի որոշումից շուտով:
Իրենք խիստ ապերջանիկ էին և դժգոհ, որ ես խնդիրը տեսնում եմ ոչ միայն բնապահպանական այլ ամենից առաջ` քաղաքական հարթությունում:
Ու խիստ դժգոհ էին որ իմ պես քաղաքական կերպարը մտել է իրենց դաշտ ու փորձում է ըստ իրենց իմաստուն խելքի` Ամուլսարի վրա քաղաքական միավորներ հավաքել: Եվ խուսափում էին ինձանից: Ու որքան էլ միամտաբար բացատրում էի դրանց, որ ամեն բան է աշխարհում քաղաքական ու հատկապես Ամուլսարի հարցը` այդ ամենատիպիկ դեմքերն այդպես էլ դա չընդունեցին, իհարկե:
Հետո ես մի քանի հայտնիների խնդրեցի միանալ իմ նախաձեռնությանն ու տեսաուղերձներ տեսագրել այդ թեմայով: Մի քանիսը արեցին դա: Տեսանյութն իմ ալիքում կա:
Մի քանիսը` օրինակ, Վարդան Պետրոսյանը, Տիգրան Ձիթողցյանը և էլի կարծեմ մի հոգի` քաղաքավարի, շատ սիրուն մերժեցին:
Լավ արեցին:
Կարող եմ կռահել թե ինչու:
Մնացած բոլոր պայքարողներն էլ իրենց հեռու էին պահում ու պահանջում հարցը չքաղաքականացնել:
Հետո եղավ 2020-ի 44-ը: Հետո` 2023-ը:
Հիմա լինում է 2026-ը:
Ամուլսարն այսօր բացվեց:
Ի հակառակ «Ամուլսարը պիտի սար մնա» ճղճղացողների` այսօր բացվեց Ամուլսարի հանքը:
Մի հանք, որը առհավետ` հաջորդ տասնյակ հազարավոր տարիների համար ոչնչացնելու, անդառնալիորեն ու անշտկելիորեն թունավորելու է ողջ Սյունիքը` օդը, հողը և հատկապես ջրային ողջ և բոլոր ռեսուրսները:
Այն որ հայերն են այն բացում, իսկ հայ ժողովուրդը թքած ունի Ամուլսարի թեմայի վրա` լիովին նորմալ է և հասկանալի:
Բայց որ ադրբեջանցիներն են այդ հաշվով լուռ` իրոք որ տարակուսելի է և անհասկանալի: Սյունիքը նրանց առանցքային հետաքրքրության գոտին է և նրանք, վստահ եմ, շուտով ստանալու են Սյունիքը: Ընդ որում` շատ շուտով: Չեմ հասկանում թե ինչպե՞ս կարող ենք նրանք թույլ տալ Հայաստանի իրենց սատրապական ռեժիմին` թունավորել իրենց համար սրբազան այդ հողերը:
Բայց ինչ էլ որ լինի` ես հիմա ողջունում եմ Հայաստանի կառավարության և իշխանությունների քայլը` բացել Ամուլսարը: Եթե դա հայերի կամքն է, իսկ դա անհերքելիորեն հայ ժողովրդի կամքն է` ապա հայերը պետք է հասնեն նրան` ինչին ձգտել են և ձգտում են անշեղորեն:
Եվ եթե դա Ադրբեջանի հողն է լինելու շատ շուտով, ապա ինձ ամենևին չի էլ հետաքրքրում անգամ թե այդտեղ ինչ կլինի կամ չի լինի: Ինչպես այլևս չի հետաքրքրում թե ինչ է լինում կամ լինելու հանձնված Արցախում:
Միևնույն է` հանձնած հողը հայը երբեք հետ չի բերելու, երբեք չի ազատագրելու ու շատ շուտով ոչինչ էլ չի ունենալու: Արդեն` առհավետ: Իսկ «ռևանշ լինելու´ է» ասողները նույն ապաքաղաքական պայքարով Ամուլսարը սար պահողների դասարանից են ու չեն էլ պատկերացնում թե ով կարող է և ով ուղղակի չի կարող անգամ երազել որևէ ռևանշի մասին:
Այնպես որ ռևանշ չի լինելու, Ամուլսարը սար չիմնալու և հրաշալի պտուղներ է տալու, իսկ պայքարը` պայքար չկա ու իրականում երբևէ չի էլ եղել:
Շնորհավորում եմ Ամուլսարի հանքի բացման կապակցությամբ իմ պաշտելի, սիրելի, խենթանալի հայ ժողովրդին:
Անու´շ լինի Ամուլսարդ, վսե´մ ազգ իմ հայոց: