Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը
ОбществоUcom-ը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարում են «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի շրջանակում նոր համագործակցության մասին։
Ucom-ի աջակցությամբ ծրագրի նախագծային բաղադրիչն այսուհետ կունենա նաև կանաչ ուղղվածություն՝ աշակերտների ստացած ԱԲ գիտելիքները կապելով բնապահպանական խնդիրների և կայուն զարգացման մարտահրավերների հետ։ 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում ԱԲ դասարանների շրջանավարտների մշակած նախագծերից 10-ը կունենան բնապահպանական ուղղվածություն՝ բխելով նաև ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից։
Նախաձեռնության մեկնարկի կապակցությամբ Ucom-ի և FAST-ի ներկայացուցիչներն այցելեցին ծրագրին մասնակցող Երևանի Գ․ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց, հանդիպեցին աշակերտների և ուսուցիչների հետ ու ծանոթացան ուսումնական գործընթացին և աշակերտների կողմից իրականացվող նախագծերին։
«Տեխնոլոգիական գիտելիքն առավել արժեքավոր է դառնում այն ժամանակ, երբ երիտասարդները կարողանում են այն կիրառել իրական խնդիրների լուծման համար։ Այս համագործակցությամբ մենք ցանկանում ենք աշակերտներին ցույց տալ, որ արհեստական բանականությունը կարող է լինել ոչ միայն նորարարության և բիզնեսի զարգացման գործիք, այլև օգնել գտնելու լուծումներ բնապահպանական խնդիրների համար։ Ucom-ի համար կարևոր է աջակցել այնպիսի կրթական նախաձեռնությունների, որոնք զարգացնում են երիտասարդների տեխնոլոգիական մտածողությունը և միաժամանակ ձևավորում պատասխանատու վերաբերմունք մեր երկրի և շրջակա միջավայրի ապագայի նկատմամբ», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ծրագրի առանցքային նպատակներից է աշակերտների մոտ նորարար մտածողության ձևավորումը։ Աշակերտները սովորում են առարկայորեն նայել ստացվող գիտելիքին՝ կիրառելով այն սեփական համայնքի խնդիրների լուծման համար։ Այս տեսանկյունից Ucom-ի հետ ձևավորվող համագործակցությունն իսկապես օրինակելի է։ Այն անմիջականորեն խթանում է աշակերտներին մեծ մտածել և զգալ սեփական ներուժը Հայաստանի և աշխարհի համար կենսական խնդիրների լուծման գործում», – նշել է FAST-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը։
Ծրագրի շրջանակում աշակերտները կայցելեն նաև Ucom, որտեղ հնարավորություն կունենան ծանոթանալու հեռահաղորդակցության ոլորտում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին, ընկերության տեխնիկական և թվային լուծումներին, ինչպես նաև մասնագետների աշխատանքին և ոլորտում առկա մասնագիտական հնարավորություններին։
Նշենք, 2023 թվականից FAST-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «ԱԲ սերունդ» ծրագիրը հնարավորություն է տալիս աշակերտներին ավագ դպրոցի երեք տարիների ընթացքում՝ որպես ամենօրյա դասացանկի մաս, սովորել արհեստական բանականություն, խորացված հանրահաշիվ և Python ծրագրավորման լեզու։ Ծրագրի ավարտին աշակերտներն արդեն կարողանում են կիրառել ԱԲ գործիքներն ստեղծողի մակարդակում և իրականացնել սեփական տեխնոլոգիական նախագծերը։
Ucom-ի մասին
Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտներում՝ իր բաժանորդներին ապահովելով արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններ։
Ucom-ը ձևավորում է միասնական թվային էկոհամակարգ՝ կենտրոնանալով հաճախորդի փորձառության, ցանցի որակի և տեխնոլոգիական առաջատարության վրա։ Ընկերությունը նաև հետևողականորեն աջակցում է կրթական, տեխնոլոգիական և բնապահպանական նախաձեռնություններին՝ նպաստելով Հայաստանի թվային և կայուն զարգացմանը։
FAST-ի մասին
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017 թվականին՝ Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանող էկոհամակարգ ձևավորելու նպատակով։
Այս ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է կրթական, գիտական և գիտական արդյունքների առևտրայնացման ծրագրեր՝ ամբողջացնելով նորարարական մտքի ձևավորումից մինչև դրա գործնական իրագործում տանող շղթան։
Իր գործունեության ընթացքում FAST-ն իրականացրել է 33 ծրագիր՝ հասնելով ավելի քան 29 000 շահառուի։