36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն Մանվելյան
ПолитикаԱյսօր քչերն են հիշում, սակայն անկախության շարժումը սկսվեց Ղարաբաղյան շարժումից, երբ պարզ դարձավ, որ հզոր հայկական պետականություն ստեղծելու մեր հազարամյա ծրագրի իրականացումը սկսվում է հենց անկախությունից։
36 տարի առաջ հայ ժողովուրդը մեծ երազանքներ ու նպատակներ ուներ, հավատում էր իր հավաքական ուժին և իր կարողություններին։ Այդ հավատը ծնեց թե՛ անկախ Հայաստանը, թե՛ Արցախյան հաղթանակները։
Երազանք ու նպատակ ունեցող ժողովուրդն անկասելի է։ Վերցրու նրա ձեռքից այդ երազանքը, և կստանաս անհայրենիք, ստամոքսասեր հասարակություն։
Ստամոքսասեր մարդու համար հայրենիք գոյություն չունի։ «Որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով ապրող մարդիկ հաճախ իրենց արդարացնում են այն կեղծ համոզմամբ, թե այն ամենը, ինչ անում են, անում են երեխաների համար։ Արդյունքում, որպես կանոն, հենց նույն երեխաների արհամարհանքին են արժանանում։
Այսօրվա Հայաստանը՝ առանց Արցախի, հաշմանդամ պետություն է, որն իր գոյությունը քարշ է տալիս՝ սրա-նրա առաջ ստորանալու միջոցով։
Ու ամենասարսափելին այս պատմության մեջ այն է, որ մեր թշնամիները մեզ երբեմն ավելի լավ են ճանաչում, քան մենք՝ ինքներս մեզ։ Դրա համար են պահանջում, որ հրաժարվենք Անկախության հռչակագրից՝ մեր ազգային երազանքներից։ Դրա համար են պահանջում նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թուլացումն ու քայքայումը՝ որպես մեր ազգային ինքնության կարևորագույն հենասյուներից մեկի։
Իսկ մենք այդ ամենի լուռ ականատեսն ենք։
Եվ ես միշտ մի հարց եմ տալիս ինձ. ինչպե՞ս ստացվեց, որ տոտալիտար ԽՍՀՄ-ում ծնված ու մեծացած հայը հաճախ ավելի ազգային մտածողություն ուներ, քան անկախ Հայաստանում ծնված ու մեծացած հայը։
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 35-ամյակի կապակցությամբ։
Վստահ եմ՝ գալու են ավելի լավ ժամանակներ, և մենք կկարողանանք թոթափել հիասթափության ու վախի այս մթնոլորտը և, Աստծո օրհնությամբ, ձեռնամուխ լինել ազգային հայկական պետության կառուցման գործընթացին։