Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ Ասրյան
ПолитикаԱռաջնորդը նա չէ, ով պարզապես խոսում է Հայրենիքի մասին։
Առաջնորդը նա է, ով իր կյանքով, գործով, պատասխանատվությամբ և անձնական օրինակով կանգնում է Հայրենիքի պաշտպանության առաջնագծում։
Նա գալիս է ոչ թե Հայրենիքից վերցնելու, այլ՝ Հայրենիքին տալու և ծառայելու։ Ոչ թե սեփական իշխանությունն ամրապնդելու, այլ՝ պետությունը հզորացնելու։ Ոչ թե անձնական կամ խմբակային շահը առաջ մղելու, այլ՝ ժողովրդի և պետության շահը բարձրագույն արժեք դարձնելու համար։
Առաջնորդը համարձակ է, քաջ, վճռական, աննահանջ և անձնազոհ։
Երբ վտանգված են Հայրենիքի անվտանգությունը, պետության ինքնիշխանությունը, ազգային արժանապատվությունն ու ժողովրդի ապագան, նա չի վախենում, չի երկմտում և չի նահանջում։ Նա կայացնում է հստակ որոշումներ, ցուցաբերում ամուր կամք և գործում է պատասխանատվությամբ։
Նա չի հանդուրժում Հայրենիքը թուլացնող կամ կործանող որևէ ուժ՝ լինի այն արտաքին, թե ներքին։ Սակայն նրա պայքարը երբեք չի վերածվում կույր ատելության, վրեժխնդրության կամ անօրինականության։
Առաջնորդի ուժը ոչ թե բռնությունն է, այլ՝ Սահմանադրությունը, օրենքը, արդարությունը, պետական կամքը, կարգապահությունը, աշխատասիրությունը և ժողովրդի վստահությունը։
Նա չի լռում այնտեղ, որտեղ լռությունը վերածվում է հանցավոր անտարբերության։
Չի խոնարհվում այնտեղ, որտեղ խոնարհվելը նվաստացնում է սեփական ժողովրդին։
Չի նահանջում այնտեղ, որտեղ նահանջը նշանակում է վտանգել պետության ինքնիշխանությունն ու ապագան։
Եվ ամենակարևորը՝ նա երբեք չի զոհաբերում Հայրենիքի շահը իր անձնական կամ քաղաքական ապագայի համար։
Նա կարող է կորցնել պաշտոնը, իշխանությունը կամ սեփական հարմարավետությունը, բայց չի կարող կորցնել իր համոզմունքներն ու սկզբունքները, երբ վտանգված է Հայրենիքի ճակատագիրը։
Առաջնորդը ժողովրդի վրա իշխողը չէ։
Նա ժողովրդի առաջ պատասխանատուն է։
Նա առաջինն է, երբ պետք է կրել պատասխանատվությունը, և վերջինն է, երբ պետք է հեռանալ դժվարությունից։
Նա ժողովրդից չի պահանջում այն զոհողությունը, որին ինքն անձամբ պատրաստ չէ։
Նա իր օրինակով է ապացուցում, որ պետական ծառայությունը պատիվ է, ոչ թե արտոնություն, իսկ իշխանությունը՝ պատասխանատվություն, ոչ թե սեփականություն։
Նա առաջնորդում է ոչ թե վախով, այլ՝ համարձակությամբ։
Ոչ թե կասկածանքով, այլ՝ վստահությամբ։
Ոչ թե նվաստացմամբ, այլ՝ արժանապատվությամբ։
Ոչ թե հասարակությունը բաժանելով, այլ՝ ժողովրդին համախմբելով այն արժեքների և նպատակների շուրջ, որոնք վեր են անձերից, պաշտոններից ու կուսակցություններից։
Հայրենիքի ճակատագիրը վստահված Առաջնորդը իրավունք չունի թույլ լինելու այն պահին, երբ նրա վճռականությունից կարող է կախված լինել ժողովրդի ներկան և վաղվա օրը։
Նա պարտավոր է ունենալ՝
քաջություն՝ դիմակայելու,
կամք՝ հաղթահարելու,
իմաստություն՝ ճիշտ որոշումներ կայացնելու,
համոզմունք՝ չշեղվելու պետական շահից,
արդարություն՝ օրենքը բոլորի նկատմամբ հավասար կիրառելու,
կարգապահություն՝ սեփական օրինակով պահանջելու պետական պատասխանատվություն,
աշխատասիրություն՝ պետությունը գործով հզորացնելու,
և պատասխանատվություն՝ մինչև վերջ կանգնելու իր ժողովրդի ու Հայրենիքի կողքին։
Սա է Առաջնորդի Տեսակը։
Ոչ թե նրա խոսքերի բարձրությունը, այլ՝ նրա գործերի ծանրությունը։
Ոչ թե նրա տված խոստումների քանակը, այլ՝ իր ստանձնած պատասխանատվության չափը։
Ոչ թե իշխանությունը պահելու կարողությունը, այլ՝ Հայրենիքը հզորացնելու կարողությունը։
Ոչ թե սեփական անձը պատմության մեջ պահպանելու ձգտումը, այլ՝ պետության և ժողովրդի ապագան ամուր հիմքերի վրա կառուցելու պատրաստակամությունը։
Եվ Առաջնորդի ամենամեծ առաքելությունը սեփական իշխանությունը պահպանելը չէ, այլ՝ Հայրենիքը պահպանելը, հզորացնելն ու արժանապատիվ ապագա ապահովելը։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ,
«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հիմնադիր Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Պահեստազորի Գնդապետ,
2007–2018 թվականներին՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար աշխատած։
Կից ներկայացվում են Խաչիկ Ասրյանի կենսագրությունը՝ Ֆեյսբուքի էջում, ինչպես նաև այլ կարևոր նյութեր։