Արաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առերևույթ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով Երևան քաղաքի Արաբկիր համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:
Մասնավորապես՝ Երևան համայնքին պատկանող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ ընդգրկված «Արաբկիր» զբոսայգու տարածքից 1500 քմ. մակերեսով հողատարածքը 2007թ. ապրիլի 25-ին ուղիղ վաճառքի եղանակով, 19.367.755 ՀՀ դրամով օտարվել է Արաբկիրի թաղապետարանի ենթակայությամբ հիմնադրված «Մաքուր Արաբկիր» ՓԲ ընկերության տնօրեն, համայնքի նախկին ղեկավարի հետ բարեկամական կապերի մեջ գտնվող անձին, որն իր հերթին նշված հողատարածքը, շուրջ մեկ տարի անց՝ 2008թ. ապրիլի 8-ին, մի քանի անգամ թանկ արժեքով՝ 184.200.000 ՀՀ դրամով, վերավաճառել է մեկ այլ քաղաքացու։
Բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել՝ համայնքի նախկին ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով