Ութ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա Կոստանյան
ПолитикаԱյնքան հետաքրքիր է կողքից, հեռվից, անուղղակի ներգրավված` ուսումնասիրել տարբեր հանրային, հասարակական, քաղաքական դերակատարներին, ովքեր ութ տարվա ժամանակի ու տարածության մեջ հեզաճկուն տրանսֆորմացվել են, փոխակերպվել, փոխել հաստ կաշին ու պարզունակ դիմակները, սկսել կրել ավելի շքեղ ու անճանաչելի դիմակներ: Հաճախ, չէ, ստում եմ, ամեն Աստծո օր մտածում եմ` ո՞նց կարելի ա, ո՞նց ա հնարավոր էդքան սահուն ու աննկատ փոխակերպվել, ձև բռնել, թե իբր բան էլ չի եղել, մոռանալ երբեմնի սեփական խոսքերն ու դիրքը, դավաճանել իբր դավանած արժեքները, խոսել ազգի ու ժողովրդի անունից, միևնույն ժամանակ ներսիդ սևացած հոգու ամենամութ անկյուններում կրել ամենաեղկելի ու զազրելի որակները: Ախր ո՜նց...
Ամեն օր նորություններ կարդալիս մտածում ես, որ էլ զարմանալու բան չի մնացել, մեկ էլ տեսնում եմ ճանաչածս մարդու ճամբարափոխությունն ու աչքերս կլորացնում, թե իբր «վա՜յ, էս ի՜նչ անսպասելի բան ա տեղի ունեցել, վա՜յ, էս ո՜նց կարող էր լինել, բայց չէ որ նա էնքան արժանապատիվ էր թվում, ախր նա էնքա՜ն ասպետական էր, բայց ո՞նց նա կարողացավ, իսկ կարո՞ղ ա մենք ենք սխալ, իսկ նրանք բոլորը ճիշտ են».... Հետո անմիջապես ինքս ինձ ստոպ եմ տալիս ու հասկանում, որ լավ էլ կարող էին, ուղղակի դրանց մենք ինքներս ենք դարձրել ասպետ ու զոռով սարքել կեղծ արժանապատիվ, ձև ենք տվել, թե մեզ շրջապատում են բարձրորակ ու արժանավոր մարդիկ, ովքեր ազգ, հայրենիք, պետություն ասելիս նկատի ունեն հենց դա` բառիս ուղիղ իմաստով, որ էդ բառերն արտասանելիս սրբագործվում են, էդ բառերը բարձրագույն արժեք են դրանց համար, ու որ ոչ ոք ու ոչ մի կերպ չի կարող շահարկել, հանիրավի օգտագործել: Այնինչ, ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան իրականում մենք ինքներս ենք մեզ համոզել:
Մարդիկ պրիմիտիվ էակներ են, պարզ հաշվարկներով, ցանկություններով` առանց խորության ու բարդ ստորադասական պահանջների. էդ պարզունակ պահանջների բավարարման հրամայականի ներքո պատրաստ են ուրանալ սեփական մորը, էլ ուր մնաց հայրենիք, ազգ, պետություն, հազարամյա պատմություն, գիր, գրականություն, եկեղեցի ու նման «անմիաստ» ու ոչ կայուն արժեքներ: Էս մարդկանց հայրենիքը փողն է, կոնստանտ արժեքները` փողի չափն ու քանակը, «որտեղ հաց, էնտեղ կաց» կարգախոսով ապրող առանձնյակներ, ում երբեք պետք չի լինելու կերտել բարձր ու մնայուն արժեքներ:
Էնպես որ դադարեք հնարել ու փուչիկի պես փչել կեղծ հերոսների, որոնցից հետո նույն խանդավառությամբ ու արագությամբ, ինչպես հնարել եք, պիտի հիասթափվեք: Ձեր իմացած արժեքները հիմա գտնվում են պատմական զրոյական կետում, էս մարդիկ շատ արագ, հանուն սեփական շահի, պատրաստ են վաճառել անգամ այն, ինչ մի ժամանակ անվանում էին սկզբունք, արժանապատվություն, հավատարմություն, պատասխանատվություն առ հայրենիք։
Ժամանակները կփոխվեն, դիրքորոշումները կվերանայվեն, սակայն արժանապատվությունը, հավատարմությունը և սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվությունը միշտ ու բոլոր ժամանակներում մնալու են նորաձև, բայց ոչ բոլորի դեպքում և ոչ բոլորի համար: