ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին. մանկապարտեզը դիմել է իրավապահ մարմիններին. ձայնագրություն
Ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Մանկապարտեզի աշխատողներից մեկը մոտ չորս ժամանոց ձայնագրություն է ուղարկել բոլոր ծնողներին, որտեղ լսվում է, թե ինչպես է դայակներից մեկը ծեծի ենթարկում երեխաներին, վախեցնում, որ եթե խելոք չմնան, կփակի մութ սենյակում։ Ծնողներից մեկը, ով նախընտրեց չներկայանալ, մեզ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան, խմբի ծնողներից մեկը Viber մեսենջերում առանձին խումբ է բացել, որտեղ ներառել է բոլոր ծնողներին ու հենց այդ խմբին էլ ուղարկել է ձայնագրությունը։ Այս մասին գրում է Օnnet.am-ը։
Աշխատողը, ով արել է այս ձայնագրությունը, այն ծնողին տրամադրել է անանունության խոստումով, որ իր անունը չպետք է հրապարակվի, այլապես կարող է տնօրինության հետ խնդիրներ ունենալ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, ծնողներից երկուսն այս պահին գտնվում են ոստիկանությունում։ Ծեծի ենթարկող դայակն աշխատում է փոքրերի խմբում, որտեղ ընդունում են երեխաներ 40 օրականից սկսած։ Դայակի անունը Գայանե է, ազգանունը ճշտել չհաջողվեց։
Մանկապարտեզը քաղաքում ունի երեք մասնաճյուղ։ Դեպքը տեղի է ունեցել Զեյթունի (Կ․ Ուլնեցի, Կամարակ նրբանցք 15) մասնաճյուղում։ Մասնաճյուղի տնօրենը հեռախոսազանգերին չի պատասխանում։
Կից ներկայացնում ենք ձայնագրությունից հատվածներ, ամբողջական ձայնագրությունը 4 ժամ է»:
Auroranews-ին հաջողվեց կապ հաստատել մանկապարտեզի մասնաճյուղերից մեկի տնօրեն Անի Հայրապետյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ նմանատիպ միջադեպ գրանցվել է Զեյթունի (Կ․ Ուլնեցի, Կամարակ նրբանցք 15) մասնաճյուղում, որտեղ աշխատող դայակի խնամքի տակ է 4-5 մանկահասակ երեխա՝ մոտ 1-2 տարեկան:
Ըստ տնօրենի դայակը երեխային փորձել է վախեցնելով քնեցնել, ինչը ծնողի կողմից դիտարկվել է որպես բռնություն։ Հայրապետյանը հայտնեց, որ երեխայի ծնողը հարմարեցրել է ձայնագրիչ սարք տեղադրել երեխայի իրերում և ձայնագրել օրվա ընթացքում մանկապարտեզում տեղի ունեցողը։ Սակայն տնօրենը նշեց, որ այս ամենը դեռ պարզել է պետք։
«Մենք ինքներս ենք դիմել իրավապահ մարմիններին՝ իրական եղելությունը պարզելու համար, որովհետև սրանք վերջնական տվյալներ չեն և եթե, միջադեպը իրոք տեղի է ունեցել, ապա դայակը պետք է ենթարկվի պատասխանատվության»,-նշեց Հայրապետյանը։
Auroranews-ը պարզեց նաև, որ ԿԳՄՍ նախարարության կողմից նման անունով ընկերության նախադպրոցական կրթություն իրականացնելու լիցենզիա չի տրվել: Ավելին լիցենզավորված ոչ պետական նախադպրոցական կրթական հաստատությունների ցանկը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքէջում: Ցանկը բաց հրապարակված է, այստեղ մեր ուսումնասիրության արդյուքնում նույնպես նման անունով կրթական հաստատություն չկա:
Հավելենք նաև, որ մասնավոր մանկապարտեզները չեն գտնվում Երևանի քաղաքապետարանի վերահսկողության ներքո։