Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
ОбществоԿոնվերս Բանկը և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ստորագրել են մինչև 15 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթ՝ ուղղված Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը և կայուն ներդրումների խթանմանը:
Համագործակցության շրջանակում մինչև 13 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը կտրամադրի ԱԶԲ-ը, իսկ մինչև 2 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը՝ Կանադայի կլիմայի ու բնության՝ Ասիայի մասնավոր հատվածի համար հիմնադրամը (CANPA)։
Ծրագիրը կաջակցի Հայաստանում ՄՓՄՁ-ների զարգացմանը՝ խթանելով ներդրումները վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և այլ կայուն լուծումների ոլորտներում։ Ֆինանսավորման առնվազն 20%-ը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ նպաստելով կանանց տնտեսական մասնակցության ընդլայնմանը և ձեռնարկատիրական հնարավորությունների զարգացմանը։
Պայմանագիրը Երևանում ստորագրել են Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը և ԱԶԲ մասնավոր հատվածի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Սուհայիլ Խանը։
ԱԶԲ մասնավոր հատվածի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Սուհայիլ Խանը նշել է.
«Մենք ուրախ ենք համագործակցել Կոնվերս Բանկի և Կանադայի կառավարության հետ՝ աջակցելու Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը։ Այս ֆինանսավորումը կնպաստի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների աճին, կընդլայնի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հնարավորությունները և կխթանի կայուն ֆինանսավորման զարգացումը։
ՄՓՄՁ-ները Հայաստանի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից են, սակայն հաճախ բախվում են ֆինանսավորման սահմանափակումների։ Ծրագիրը կօգնի ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը, աջակցել աշխատատեղերի ստեղծմանը և բարձրացնել տնտեսության դիմակայունությունը»։
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը նշել է.
«Մենք բարձր ենք գնահատում ԱԶԲ-ի հետ այս համագործակցությունը, որը ուղղված է Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը և կայուն ներդրումների խթանմանը։ Այս ծրագիրը կարևոր քայլ է մեր ռազմավարության շրջանակում՝ ուղղված իրական տնտեսության ֆինանսավորմանը, մասնավորապես՝ փոքր և միջին բիզնեսների աջակցությանը և կանաչ ֆինանսավորման զարգացմանը։
Միաժամանակ կարևորում ենք միջազգային ֆինանսական հաստատությունների հետ գործընկերության շարունակական զարգացումը, ինչը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները և ընդլայնել ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում։
Վստահ ենք, որ այս ծրագիրը կունենա շոշափելի ազդեցություն մասնավոր հատվածի աճի և ֆինանսական ներառականության վրա»։
Ստորագրության արարողակարգին ներկա էր նաև ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները, որը նշել է.
«Այս 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը՝ Կլիմայի և բնության՝ Ասիայի մասնավոր հատվածի համար նախատեսված հիմնադրամի միջոցով, և ԱԶԲ-ի ու Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ, լայն հնարավորություններ է ստեղծում Կանադա–Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման համար։ Սա Հայաստանում մեր երկրորդ նմանատիպ ծրագիրն է, և հույս ունենք, որ այն կդառնա նոր համագործակցությունների սկիզբ»։
Ասիական զարգացման բանկի մասին
ԱԶԲ-ն առաջատար բազմակողմ զարգացման բանկ է, որն աջակցում է Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն, ներառական և դիմակայուն աճին։ Իր անդամների և գործընկերների հետ համատեղ աշխատելով բարդ մարտահրավերների լուծման ուղղությամբ՝ ԱԶԲ-ն օգտագործում է նորարարական ֆինանսական գործիքներ և ռազմավարական գործընկերություններ՝ մարդկանց կյանքը բարելավելու, որակյալ ենթակառուցվածքներ ստեղծելու և մեր մոլորակը պաշտպանելու համար։ 1966 թվականին հիմնադրված ԱԶԲ-ն պատկանում է 69 անդամների, որոնցից 50-ը տարածաշրջանից են։
Կոնվերս Բանկի մասին
Կոնվերս Բանկը ունիվերսալ բանկ է, որը Հայաստանում մատուցում է բանկային ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներին։
ԱԶԲ-ի հետ Բանկի համագործակցությունը մեկնարկել է 2025 թ.-ին, երբ Կոնվերս Բանկը միացել է ԱԶԲ-ի «Կայուն զարգացման համար կանաչ ֆինանսավորման խթանում» տեխնիկական աջակցության ծրագրին՝ ուղղված կայուն ֆինանսավորման սկզբունքների և լավագույն փորձի ներդրմանը: