Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել
МеждународноеԳերմանիայի Մյունխեն քաղաքում բեռնատար գնացքի երկու վագոն են կախվել կամրջից և ընկել փողոցի վրա։ Պատահարի հետևանքով կա մեկ զոհ, հայտնում է Tagesschau-ն։
Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 1:40-ի սահմաններում, Միլբերտսհոֆեն թաղամասի երկաթուղային հատվածում։
Իրավապահների տվյալներով՝ մանևրային շարժման ժամանակ կամրջի վրա դեռևս անհայտ պատճառով բախվել են երկու բեռնատար գնացքներ։ Բախումից հետո գնացքներից մեկը դուրս է եկել ռելսերից, և երկու վագոն մոտ հինգ մետր բարձրությունից ընկել են Շլայսհայմեր շտրասե փողոցի վրա։
Թե կոնկրետ ինչ էր տեղափոխում բեռնատար գնացքը, առայժմ չի հաղորդվում։ Ոստիկանության տեղեկություններով՝ վտանգավոր բեռներ չեն եղել, և բնակչության համար սպառնալիք չկա։
Զոհվածի ինքնության մասին տվյալներ չեն հաղորդվում։
Դեպքի վայրում աշխատել են արտակարգ ծառայությունները, իսկ առավոտյան սկսվել են վագոնների տարհանման և բարձրացման աշխատանքները։
Ոստիկանության փոխանցմամբ՝ այդ հատվածում երթևեկությունը դադարեցված է և կարող է սահմանափակված մնալ մինչև կիրակի։ Deutsche Bahn ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել մի գծի վրա, որն օգտագործվում է բացառապես բեռնատար գնացքների կողմից, ուստի տարածաշրջանային և հեռահար ուղևորափոխադրումների խափանումներ չկան։