Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
Քպականները ժամանակ առ ժամանակ մի քարոզչական ֆրազ են շրջանառում, թե՝ «այ, եթե նախկինում լիներ, ձեզ դրա համար կծեծեին, գլուխներդ կջարդեին, այս կանեին, այն կանեին...»: Իբր հիմա մի հրաշք «դեմոկրատիա» է...
Իսկ ի՞նչ ենք տեսնում այս օրերին՝ մասնավորապես:
Մասիսում, Արթիկում ծեծուջարդ, մարդկանց վրա հարձակվում են ոհմակի նման, նույնիսկ հղի կնոջ վրա են հարձակվում, խուլիգանական պահվածք են դրսևորում: Փաշինյանի կողմնակիցները, բնականաբար:
Ընդ որում, դեռ մի երկու օր կա մինչև ընտրարշավի ավարտը, և ակնհայտ է, որ նման խայտառակ դեպքեր էլի կարող են տեղի ունենալ: Ու շատ մտահոգիչ է, որ կարող են նմանօրինակ դեպքեր լինել նաև քվեարկության օրը: Այնպես որ, թեպետև իշխանության հլու կամակատարը դարձած, բայցև կարգուկանոնի համար պատասխանատու ոստիկանությունը շատ աչալուրջ պետք է լինի բոլոր տեղերում, ընտրատեղամասերում ու դրանց շրջակայքում:
Բայց ինչո՞ւ է այս ամենը կատարվում: Ո՞րն է այս ամենի հիմնապատճառը: Շատ պարզ է ամենը, ու ոչ մեկ անգամ դրա մասին մենք զգուշացրել ենք: Տեսեք. եթե պետության ղեկավար համարվողը՝ ՔՊ ղեկավարը, պարբերաբար ասում է՝ կսպանեմ, կսատկացնեմ, այս կանեմ, այն կանեմ, դրանից «թևավորվում», ոգևորվում են իր քպականները՝ իրենց սանձարձակ պահվածքով, ու դիմում են զազրելի բռնությունների, խուլիգանության:
Փաստացի ստացվում է, որ Փաշինյանն իր խոսույթով, չարության, ատելության մթնոլորտը խորացնելով, սպառնալիքներով, իր գերագրեսիվ վարքով ուղիղ բռնության կոչեր է անում:
Ու բռնությունների ականատես ենք դառնում: Այսինքն, նա իր ագրեսիվ հայտարարություններով կողմնակիցներին խրախուսում է ֆիզիկական բռնությունների, բախումների, մարդկանց ծեծելու: Մեղմ ասած...
Եթե նման կերպ է իրեն դրսևորում ղեկավարը, ապա նա դրանով «դաբրո» է տալիս «ներքևներին»՝ նման լկտի դրսևորումների համար:
Ի դեպ, «այ, որ առաջներում լիներ...»-ի հետ կապված: Իսկ է՞լ ինչ մերժելի երևույթներ կան, որ այս իշխանությունները չեն արել կամ իրենց օրոք, իրենց պատճառով չի եղել: Նախկին բոլոր թերություններն ու արատներն այս ութ տարում բազմապատկվել, ճոխացել, ավելի են «զարգացել»: Գումարած՝ տանել հազարավոր զինվորների ու սպաների մահվան, ապա հայտարարել՝ «բոլոր դեպքերում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի»: Հղի կնոջ վրաերթ և սպանություն: Ընդդիմադիր հայացքների համար մարդու կալանավորում ու նրա մահը հենց դատարանի դահլիճում: Փաշինյանի նկարը պատռելու համար մարդու կալանավորում, տեղափոխում հոգեբուժարան, որտեղ նրան կախված են հայտնաբերում ու ասում են, թե ինքնասպան է եղել: Կրկնենք՝ ծեծուջարդ ընդդիմախոսների ու ընդդիմադիրների հանդեպ: Եվ այլն, և այլն:
Ուրեմն, այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել: Պատկերացնելն անգամ սարսափելի է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում