ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանի հայտարարությունը
ОбществоՆոյեմբերի 8-ին, երբ ես հրաժարական տալով ազատվեցի ՀՀ ԱԱԾ տնօրենի ՊԺԿ պաշտոնից, հայտարարեցի, որ նպատակահարմար չեմ գտնում իմ ազատման առիթն ու պատճառները մանրամասնել և դրան կանդրադառնամ ըստ անհրաժեշտության ու պատեհ պահին:
Այսօր ևս այդ մասին չեմ ուզում խոսել, սակայն կարծում եմ, որ այս պահին ուղղակի պարտավոր եմ որպես ԱԱԾ բարձրաստիճան սպա, որպես ՀՀ քաղաքացի` անտարբեր չգտնվել և չլռել:
Առաջին հերթին դիմում եմ հանրությանը, ՀՀ բոլոր քաղաքացիներին, Արցախի և Սփյուռքի իմ հայրենակիցներին:
Վստահեցնում եմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելը առնվազն արդար չէ: Այո՛, նա որպես երկրի ղեկավար գուցե վատ կառավարիչ է, դյուրագրգիռ է, առանձին դեպքերում որոշումներ է կայացնում անարդար` պահի ազդեցության տակ, որպես գերագույն գլխավոր հրամանատար` չունի բավարար ռազմական փորձ ու գիտելիքներ, դիվանագիտության մեջ` անհրաժեշտ ճկունություն և հեռատեսություն, անարդարացիորեն անտեսում կամ ներում է իր հետ իշխանության եկած յուրայինների բոլոր` նույնիսկ երկրի համար հետևանքներ առաջացնող սխալները, և հակառակը` չխորանալով իրական պատճառների, հանգամանքների մեջ, կարող է խիստ միջոցներ ձեռնարկել իրեն տարակարծություն հայտնած կամ չնչին սխալներ թույլ տված, կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, սակայն քաղաքական թիմի անդամ չհանդիսացող մարդկանց նկատմամբ:
Բայց միևնույն ժամանակ, նա հայրենասեր, չկոռումպացված, իր գաղափարներին նվիրված մարդ է, ով, թույլ տալով ակնհայտ սխալներ, բացթողումներ, ունակ չէ գիտակցաբար գործել ի վնաս մեր հայրենիքի: Հորդորում եմ ձեզ հանգիստ թողնել նաև նրա ընտանիքին, հատկապես որդուն, ով ազնիվ ու լավ երիտասարդ է, ինչը պնդելու համար ունեմ բավարար հիմքեր:
Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, և հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը: Ձեր մերձավորների հետ խորհրդակցելուց հետո այն ժամանակ Դուք, այնուամենայնիվ, ընդունեցիք իմ ասածը և զերծ մնացիք այդ ուղղությամբ ակտիվ գործողություններ իրականացնելու հանձնարարականներ տալուց: Սակայն ներկայումս նույն գործելաոճն եք կիրառում տասնյակ գործիչների նկատմամբ: Ուստի ևս մեկ անգամ կրկնում եմ` ձերբակալություններով, խուզարկություններով և այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր: Երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ, և եթե Դուք վստահ եք, որ Ձեր գործողությունները ճիշտ են եղել, ժողովու՛րդը պետք է տա իր գնահատականը` ընտրության արդյունքներով: Երկրի ղեկավարը, ընդունելով, որ պարտություն է կրել, իրավունք չունի չգիտակցել և չընդունել իր մեղքի բաժինը և պետք է փորձի նոր ընտրություններով կրկին լեգիտիմացնել իր գործունեությունը, այլապես այս անվստահության գաղջ մթնոլորտը շարունակաբար տիրելու է մեր երկրում: Պարո՛ն վարչապետ, Դուք լավ գիտեք, որ պակաս հայրենասեր չեն Հայ հեղափոխական դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան, Հայրենիք և մյուս կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր ողջ պատերազմի ընթացքում իրենց հնարավորությունների սահմաններում փորձել են անել առավելագույնը` հանուն մեր հայրենիքի, ուստի անհրաժեշտ է զերծ մնալ նրանց անհիմն պիտակավորելուց:
Առանձնահատուկ դիմում եմ ԱԱԾ իմ գործընկերներին, որոնց հետ անցել եմ ծանր, պատասխանատու 22 տարվա ծառայության ճանապարհ, ինչպես նաև ոստիկանության և իրավապահ մյուս մարմինների ներկայացուցիչներին: Ճիշտ գնահատելով արդի իրավիճակը` դեմ մի՛ գնացեք ձեր խղճին, գործե՛ք հայրենիքի նվիրումով, ինքնուրույն, ձեր գործառույթների շրջանակներում և բացառապես օրենքով: Հիշե՛ք, որ մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում ձեզնից յուրաքանչյուրի կայացրած որոշումը կարող է վճռական լինել իրավիճակի հանգուցալուծման համար: Ես վստահում եմ Ձեր փորձին ու ողջամտությանը:
Մեր առջև ծառացած բոլոր խնդիրները պետք է լուծել ՄԻԱԿՈՒՌ և ՄԻԱՍՆԱԿԱՆ:
ՀՀ ԱԱԾ գնդապետ
ՄԻՔԱՅԵԼ ՎԱԶԳԵՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
12.11.2020