Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ եթե 300-500 հազար մարդ պահանջի, որ ինքը հեռանա, ապա... ինքը կհեռանա: Կթողնի իշխանությունը, կգնա: Նույնիսկ ասաց, թե ինքը ծառա է, իսկ ծառան ո՞վ է, որ տիրոջ (իմա՝ ժողովրդի) ասածը չանի:
Հնչում է որպես անեկդոտ, մանավանդ, երբ հաշվի ես առնում, թե ով է նման բան հայտարարողը: Նախ՝ «տերն ու ծառայի» պահով: Ո՞վ է տեսել, որ «ծառան» (իշխանությունը) ցոփ ու շվայտ ապրի, վայելքների մեջ ընկղմվի, ճոխ մեքենաներով շրջի, մի խոսքով՝ «չաղ ու բախտավոր» ապրի, իսկ տերը (ժողովուրդը) կիսաքաղց, հազիվ ծայրը ծայրին հասցնելով, տուգանքների ու հարկերի, բարձր գների ու պարտքերի տակ ճկռած...
Չէ, լուրջ, որտե՞ղ եք տեսել, որ ծառան որոշի, թե տիրոջ կենսատարածքը որքան լինի: Դեռ մի բան էլ՝ տիրոջը տեսնելիս վրան մուննաթ գա, թե՝ «բա դու խի՞ չես զոհվել, մեռել...»:
Բայց հիմնականը. այդ 300-500 հազար մարդը ինչպե՞ս է որոշվելու: Եթե աչքաչափով, ապա ակնհայտ է, որ ոչ թե 300-500 հազար, այլ առնվազն 2 միլիոն մարդ է դեմ Նիկոլ Փաշինյանին: Եթե ընտրություններով, ապա ակնհայտ է, որ առաջիկա ընտրություններում 500 հազար էլ, 600 հազար էլ, տո 700-800 հազար էլ Փաշինյանին դեմ են քվեարկելու: Եթե նկատի ունի այն, որ պիտի 300-500 հազար մարդ փողոց դուրս գա, ապա նրա տարամաբանությամբ ստացվում է, որ ընտրություններն ավելորդ են, և փողոցով պիտի լինի իշխանափոխություն, այլ ոչ՝ ընտրություններով: Ի դեպ, 2018-ին էլ ինքը՝ Փաշինյանը, 300 հազար հոգով չի եկել իշխանության, այլ շատ ավելի փոքր քանակությամբ հայրենակիցների հրապարակային (փողոցային) աջակցությամբ:
Ու առհասարակ, փողոցը լավագույն ճանապարհը չէ: Ժողովրդավարական ճանապարհը ընտրություններն են: Էն է՝ փողոցով մեկը եկավ իշխանության մի 8 տարի առաջ ու հանձնեց Արցախը, բերեց պատերազմ, հազարավոր զոհեր, հիմա էլ տնտեսական կոլապսի է երկիրն ու ժողովրդին տանում...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում