Ամոթ է, մի՛ զբաղվեք ապատեղեկատվություն տարածելով, մարդկանց սեւացնելու գործով, դա տականքություն է. Արթուր Վանեցյան
ОбществоArmLur.am-ը զրուցել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:
-Պարո՛ն Վանեցյան, խնդրում եմ կասեք առաջնագծի ո՞ր հատվածում է Ձեր ղեկավարած զորախումբը մասնկացում մարտերին: Քանի՞ հոգանոց է Ձեր զորախումբը ու արդյոք ջոկատը բաժանել եք մի քանի մասի՝ տարբեր թևերում կռվելու համար:
-«Հայրենիք» զորախումբը գործում է հստակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարության ներքո, խնդիրները դրվում է պաշտպանության հրամանատարության կողմից, իսկ թե այն մենք լավ ենք կատարում կամ վատ ենք կատարում, ապա այդ գնահատական տվողը Պաշտպանության բանակի հրամանատրությունն է: Բոլոր այդ հարցերով խնդրում եմ դիմել Պաշտպանության բանակին, տվյալներ կարող են տրամադրել իրենք, քանի որ ռազմական դրության ժամանակ նման հարցերի մասին խոսելը սխալ է:
–Դո՞ւք եք ջոկատի միակ հրամանատարը, թե առաջնագծում տարբեր հրամանատարներ կան, որոնք առաջնորդում են ռազմաճակատում ընթացող պայքարը:
-Ես առաջնագիծ մեկնելու ժամանակ հայտարարել էի, որ «Հայրենիք» զորախմբի հրամանատարը ես եմ: Առաջնագծի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրում է Պաշտպանական բանակը, ես նշել էի, որ մենք մեր աշխատանքները իրականացնելու ենք ՀՀ ԶՈՒ եւ Արցախի Պաշտպանական բանակի հետ համագործակցելով: Մենք հայտարարել էինք, որ «Հայրենիք» զորախումբը, որը բազմաթիվ կամավորագրվածներով մեկնել է Արցախ, հայկական երկրորդ հանրապետության տարբեր շրջաններում մասնակցում է մարտական գործողությունների՝ կատարելով հայրենիքի հանդեպ իր պարտքը։
–Պարո՛ն Վանեցյան, արդեն մի քանի օր է տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե առաջին իսկ ռմբակոծության ժամանակ Ձեր ղեկավարած զորախումբը փախել է մարտի դաշտից: Տեղեկություններ կան նաեւ, որ Ձեր զորախումնը մարտի դաշտում չէ ու թաքնված է շատ ապահով վայրում: Որքանո՞վ է իրական այս տեղեկությունները:
-Գիտեք ինչ, անգամ պատերազմական այս իրավիճակում, երբ մեզ համար օրհասական օրեր են ու այսօր դրված է մեր երկրի ճակատագրի հարցը, մարդիկ գոնե զբաղվեն մեր հայրենիքի պաշտպանության գործով, զբաղված են էժանագին, սուտ, հիմար տեղեկություններ տարածելով: Ամոթ է, այս պահին միասնություն է պետք, ամեն ինչ պետք է անել հանուն Հայաստանի եւ Արցախի, հանուն մեր երկրների պաշտպանության: Օրհասական օրեր են, պետք է համախմբվել ու ոչ թե պառակտել:Ամոթ է, բավական է զբաղվեք ապատեղեկատվություն տարածելով, մարդկանց սեւացնելու գործով, դա տականքություն է: Ավելի լուրջ գործ կա, այսօր հայրնեիքի պաշտպանությունը մեր գլխավոր հարցն է, ու մենք չենք շեղվելու այդ հարցից:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը