Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար
ПолитикаՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, իսկ այդպես Երևանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր օգուտները։ «Հայաստանի հետ մեր հարաբերությունները սերտ են, դաշնակցային։ Բայց միևնույն ժամանակ դրանք հեշտ չեն»,– ասել է Սերգեյ Լավրովը՝ պնդելով, թե Արևմուտքը ԱՊՀ այլ երկրների օրինակով փորձում է Հայաստանը իրեն ենթարկել, «խզել ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում իր գործընկերների հետ Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերը»։
Լավրովը նաև հավելել է, թե Մոսկվայի ու Երևանի միջև հարաբերությունները կքննարկվեն մայիսի վերջին Ղազախստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում, որին Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել։ Փաշինյանն արդեն իսկ հայտնել է, թե խորհրդարանական ընտրություններով պայմանավորված՝ չի մեկնելու Ղազախստան։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունն ինչ–որ փուլում ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։ «Հայաստանում խոսում են Եվրամիության հետ մերձենալու ձգտման մասին։ Մենք բազմաթիվ անգամներ նշել ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի են։ Հայաստանում նույնպես դա շատ լավ գիտակցում են... Ինչ–որ փուլում նրանք ստիպված են լինելու այդ ընտրությունը կատարել, եթե որոշեն, որ պետք է անեն այդ ընտրությունը»,– ընդգծել է Օվերչուկը։
Թեև ՀՀ իշխանությունները փորձում են հերքել ՌԴ պաշտոնյաների հայտարարությունները, Փաշինյանն էլ նշում է, թե ԵԱՏՄ-ն, առնվազն այս փուլում, լքելու մտադրություն չունեն, ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունները գլորվում են անդունդը։ Իսկ արդեն խորհրդարանական ընտրություններից հետո դրանց հետագա ճակատագիրը վտանգված է լինելու։ Դա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական լուրջ հետևանքներ կարող է ունենալ։
Աննա Մարգարյան