Ինչո՞ւ է կառավարությունը պետական պարտքի ավելացումն անխուսափելի համարում
ПолитикаԳրեթե բոլոր երկրների տնտեսությունները շարունակում են մեծ վնասներ կրել համավարակի արդյունքում առաջ եկած համաշխարհային տնտեսական ճգնաժամից։ Իսկ վնասները իրենց հերթին բերում են նախատեսվող եկամուտների և ծախսերի չափաբաժնի փոփոխություն։
Դրա համար էլ փոփոխություններ են արվում նաև երկրների պետական բյուջեներում, նոր սահմանագծումներ են դրվում բյուջեների հիմքում, փոխվում են տնտեսական աճի մասին կանխատեսումները և ձեռնարկվելիք ծրագրերի բովանդակությունը։ Այնինչ, մի քանի ամիս առաջ շատ դժվար էր կանխատեսել, որ այսպիսի իրավիճակ կարող է ստեղծվել։
Հայաստանի տնտեսությունը նույնպես տուժում է ճգնաժամից՝ պայմանավորված ներքին և արտաքին պատճառներով։ Եթե 2020 թվականի պետական բյուջեի հիմքում դրված էր 4,9 տոկոս տնտեսական աճ ունենալու կանխատեսում, ապա այժմ կառավարությունը կանխատեսում է 2020 թվականին իրական ՀՆԱ-ի շուրջ 2 տոկոսով նվազում և պետական բյուջեի պակասուրդի աճ՝ մինչև ՀՆԱ 5%։
Այս համատեքստում ընդգծենք, որ այսպիսի իրավիճակում պետության ստացած հարկային և ոչ հարկային եկամուտները ոչ բավարար են լինելու ստանձնած պարտավորությունների կատարման համար:
Իսկ նոր միջոցներ ներգրավելու համար պետությունը ստիպված է գնալ պետական պարտքի ավելացման ճանապարհով, որի կառավարումը վերածվում է պետական ֆինանսատնտեսական քաղաքականության կարևորագույն բաղադրիչի:
Եվ պատահական չէ, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, թե ստեղծված իրավիճակի պայմաններում պարտքի ավելացումն անխուսափելի է:
Ըստ այդմ, պետական բյուջեի դեֆիցիտը կազմող 324 մլրդ դրամի պակասուրդը ֆինանսավորելու համար կառավարությունը դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառյալ վարկային միջոցների ներգրավում միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից և այլ գործընկերներից:
Նոր վարկային միջոցների ներգրավման հետ մեկտեղ կաճի նաև Հայաստանի պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը և կմոտենա 60 տոկոսի մակարդակին։ Ուստի շատ կարևոր է, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը կառավարելի վիճակում լինի և ընթացքում բարելավվի՝ ավելի շատ ՀՆԱ-ի աճի վրա շեշտադրում անելով։
Այսինքն՝ որպես պարտք ներգրավված ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը պետք է հիմքեր ստեղծի ՀՆԱ-ի աճի համար, որպեսզի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվի։
Մինչդեռ, եթե ճգնաժամային ժամանակահատվածում նոր պարտք չվերցնենք և չկասեցնենք տնտեսական անկումը, ապա պարտք-ՀՆԱ ցուցանիշն ավելի է խորանալու, այս անգամ արդեն տնտեսական աճի նվազման և ՀՆԱ-ի անկման արդյունքում։
Սակայն իրավիճակի յուրահատկությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, փորձում էր հանրության շրջանում արմատավորել այն մտայնությունը, թե պետական պարտքը բացասական երևույթ է, դրա համար էլ առանց բացառության դեմ էր քվեարկում յուրաքանչյուր վարկային համաձայնագրի։
Իսկ վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը հպարտանում էր, որ իրենց կառավարությունը կարողանում է նվազեցնել արտաքին պարտքի ցուցանիշները։ Այնինչ, բազմաթիվ մասնագետներ վերջինիս խորհուրդ էին տալիս էժան վարկային միջոցներ ձեռք բերել, քանի դեռ դրանք հասանելի են, և դրանք ներդնել տնտեսության մեջ՝ լրացուցիչ արդյունք ստանալու համար։
Եվ հիմա, երբ ֆորսմաժորային պայմաններում նոր վարկային միջոցների ներգրավումն ուղղակի անհրաժեշտություն է, Փաշինյանի կառավարությունը ցանկանում է հանրությանը արդեն ցույց տալ, թե նոր վարկային միջոցների ներգրավումը դրական երևույթ է։
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ