ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտում
ОбществоԱպրիլի 28-29 Երևանում անցկացվել է Կենտրոնական Ասիայի երկրների Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շահառուների կլոր - սեղան աշխատաժողովը։ Մասնակիցների թվում էին ԱՃԹՆ-ի շահառուներ Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև ԱՃԹՆ-ի Միջազգային քարտուղարության ներկայացուցիչներ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչներին հրավիրվել էին ներկայացնելու թափանցիկության և հաշվետվողականության ընկերության մոտեցումները։ Գլխավոր տնօրենի տեղակալ / Կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը ներկայացրեց ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտում։ Մասնավորապես մասնակիցներն ու հյուրերը տեղեկացան, որ ԶՊՄԿ-ն մի քանի տարի շարունակ հրապարակվող Կայուն զարգացման զեկույցներում այս տարի արդեն ներդրած կլինի հաշվետվողականության միջազգային գրեթե բոլոր առաջատար ստանդարտները։ Սա թափանցիկության ու հաշվետվողականության ոլորտում զգալի քայլ է՝ աննախադեպ Հայաստանի համար։
Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը պատասխանեց Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի և դրա ներուժի վերաբերյալ հյուրերի բազմաթիվ հարցերին՝ առանձնապես ընդգծելով ոլորտի ընդլայնման, նոր, որակյալ ներդրումների ներգրավման և երկրաբանահետախուզական ներդրումներին պետական աջակցության անհրաժեշտությունը։