Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը. Տեր Եզրաս արք. Ներսիսյան
ОбществоԱպրիլի 24: Աշխարհի ողջ հայությունը հոգու ծնրադրությամբ ու աղոթքով է հիշում 1915 թվականի հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակ նախնիներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին հանուն հավատի, հանուն հայրենիքի:
Ավելի քան մեկ ու կես միլիոն հայ սպանվեց իր իսկ հայրենիքում, իր իսկ տան շեմին, դարձան գաղթական ու որբ, դարձան անտուն ու հայրենազուրկ:
Մենք չենք կարող ուրանալ....
Մենք չենք կարող դավաճանել....
Մենք չենք կարող մոռանալ մեր սուրբ նահատակների հեղված անմեղ արյունը, նրանց լույս հիշատակը, արդարադատության նրանց պահանջը:
Ուստի մերժում ենք բոլոր նրանց, ովքեր հրաժարվում ու կասկածի տակ են դնում մարդկության դեմ գործված այս ցեղասպանությունը:
Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը:
Մերժում ենք, որովհետև ցեղասպանությունը ոճրագործություն է Աստծո դեմ է և չունի արդարացում:
Մերժում ենք, որպեսզի կանխվեն նոր ցեղասպանությունները, ինչի ականատեսը եղանք Սումգայիթում ու բռնազավթված Արցախում:
Որպես պահանջատեր ժողովուրդ, որպես ազգային արժանապատվության վկայություն, որպես սրբազան ուխտ ու հավատարմության առհավատչյա պիտի շարունակենք ամեն ջանք գործադրել Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:
Տեր Եզրաս արք. Ներսիսյան