Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ)
ВидеоՈ՞վ է դառնալու 2026 թվականի «Տարվա ուսուցիչը»: Այսօր պաշտոնապես մեկնարկեց նոր կրթական նախաձեռնություն՝ «Կորիզ» կրթական ծրագրի և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող առաջին համապետական ուսուցչական մրցույթը։
«Ութ առարկաների շրջանակում մեր սիրելի ուսուցիչները կկարողանան մասնակցել երկու փուլերից բաղկացած մրցույթների, որը կամփոփվի շքեղ շոու -մրցանակաբաշխությամբ։ Գլխավոր առաքելությունը կլինի մեծարել ուսուցչին, կարևորել նրա մասնագիտությունը և ցույց տալ հասարակությանը, որ նրանք, ում վստահում ենք մեր երեխաների կրթությունը, ունեն ամենից կարևոր մասնագիտությունը, և տարին գոնե մեկ անգամ պետք է կարողանանք վերադարձնել այն հարգանքը, որին արժանի են» ,-ասում է «Կորիզ» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը։
«Տարվա Ուսուցիչ 2026»-ը բացառիկ նախաձեռնություն է, որն առաջին անգամ Հայաստանում կենտրոնանում է հենց ուսուցչի մասնագիտական զարգացման, ճանաչման և արժևորման վրա։
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամն արդեն 10 տարի է՝ տարբեր ծրագրեր է իրականացնում դպրոցներում։ Կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը նման նախաձեռնությունը կարեւորում է ամբողջ աշխարհում տեղի ունեցող կրթական բարեփոխումների համատեքստում։
«Տարվա ուսուցիչ» մրցույթը կանցկացվի երկու առցանց փուլով՝ ուսուցիչների համար հատուկ ստեղծված նոր հարթակում՝ Teacher.Koreez.am ։ Գրանցման վերջնաժամկետը հունիսի 19-ն է։
Լավագույն արդյունք գրանցած ուսուցիչները կհրավիրվեն Koreez-ի ավանդույթ դարձած հանդիսավոր մրցանակաբաշխությանը, որտեղ կհայտարարվեն մրցույթի հաղթող ուսուցիչների անունները։