Ի՞նչ է զգուշացրել ՌԴ փոխնախարարը Հայաստանի դեսպանին
ПолитикаՌԴ-ում Հայաստանի դեսպանը և ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը քննարկել են Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Միխայիլ Գալուզինը և Գուրգեն Արսենյանը նաև մտքեր են փոխանակել արդիական հարցերի շուրջ և ընդգծել տարբեր ոլորտներում համատեղ աշխատանքի կարևորությունը։ Դիվանագետները անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ «3+3» հարթակի շրջանակներում գործունեության շարունակմանը։
Ուշագրավ է, որ այս հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում Պուտին-Փաշինյան աղմկահարույց հանդիպումից հետո, որին մասնակցում էր նաև Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը՝ չափազանց կոշտ խոսակցությունից հետո։ Ըստ էության, Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի իշխանությունների վարքը և հնարավոր հետևանքները։ Բնականաբար, հետևանքների մասին թե՛ հանդիպման բաց մասում, թե՛ արդեն իսկ առանձնազրույցի ընթացքում ասել էր նաև Ռուսաստանի նախագահը, բայց Ռուսաստանը վերջին շրջանում առանձնակի կոշտ շեշտադրումներով մի քանի անգամ զգուշացումներ է անում Հայաստանին, և դեսպանն էլ հրաշալի հասկանում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հայ-ռուսական հարաբերությունների հերթական սրումը։
Առավել ևս, որ Գուրգեն Արսենյանին իր պաշտոնավարման ընթացքում չի հաջողվել և չի հաջողվում ջերմ կապեր հաստատել Ռուսաստանի հետ, և պատճառը ոչ թե դեսպանի անձն է, այլ բուն Հայաստանի իշխանությունների վարքը։ Բնականաբար, դեսպանը ռուսական կողմի մտահոգությունները կփոխանցի Հայաստանի իշխանություններին, իսկ թե ինչ եզրահանգումներ կանի Փաշինյանն ու իր թիմը, բարդ է ասել։
Աննա Մարգարյան